Գյումրիի որոշ դպրոցներում ավելացել է սոցիալական մանկավարժի հաստիքը: «Մեր դպրոցում կա նման մասնագետ, աշխատանքը շատ արդյունավետ է` նա ապահովում է աշակերտի իրավա-սոցիալական պաշտպանվածությունը ե’ւ դպրոցում ե’ւ միջավայրում»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի 7-րդ դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:
Քաղաքի 29-րդ դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանն էլ ասել է, որ իրենց դպրոցում չկա առայժմ նման մասնագետ, բայց շուտով կլինի. «Ես ենթադրում եմ, որ սեպտեմբերից մեր դպրոցն էլ կունենա նման մասնագետ, բայց հազիվ թե այն հասու լինի բոլոր դպրոցների համար, քանի որ դրա համար լրացուցիչ ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ»:
Ըստ դպրոցների տնօրենների`դպրոցներում կա նաեւ լոգոպեդի եւ հոգեբանի կարիք, սակայն այլ հարց է, թե դպրոցը կունենա՞ անհրաժեշտ ֆինանսավորում` այդ հաստիքները եւս ավելացնելու համար:
Նշենք, որ սոցիալական մանկավարժ ունենալու համար հիմք է ծառայել 2010թ-ի հոկտեմբերի 14-ի ՀՀ կառավարության որոշումը, որի համար սակայն դպրոցների ֆինանսավորումը չի ավելացել:





























