Երեքշաբթի երեկոյան բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել Իրաքի հարավարեւելյան Էն Նասիրիա քաղաքում, Բաղդադի կենտրոն են ուղարկվել ոստիկանական ուժեր եւ զրահատեխնիկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Բաղդադ ալ Յաում» պորտալին։
Իրադրությունն Իրաքում շարունակում է թեժանալ այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը ցրեցին հակակառավարական ելույթները երկրի մի շարք քաղաքներում։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Բաղդադի կենտրոնում, Թահրիր հրապարակ տանող մատույցներում գիշերային ժամերին շարունակում են մնալ ընդվզողներ, որոնք փորձում են հասնել հրապարակ, բայց դաժան հակահարվածի են հանդիպում ոստիկանության կողմից, որն օղակել է Թահրիրը զրահատեխնիկայով եւ այնտեղ տեղակայել ուժային կառույցների հավելյալ ուժեր։ Փակ են նաեւ քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ։
Բաղդադի Մադինաթ Սադր արվարձանում, որտեղ կայացել էր մինչ այդ ոստիկանության հետ բախման հետեւանքով սպանվածի հուղարկավորությունը, բնակիչները փակել են հիմնական փողոցը եւ այրել մեքենաների անվադողեր։ Այրվող անվադողերով փակ են Բասրա քաղաքի հիմնական մայրուղիները, որը երեքշաբթի միացել է հակակառավարական ցույցերին։
Էն Նասիրիայում, որտեղ, ըստ պաշտոնապես չճշտված տեղեկատվության, սպանվել է եւս մեկ ընդվզող, փողոց են հանել բանակային ստորաբաժանումներ։
Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր՝ ի նշան կյանքի վատ պայմանների, գործազրկության եւ կոռուպցիայի դեմ բողոքի։ Ընդվզողները Բաղդադում, Քերբալայում, Բասրայում, Էդ Դիվանիայում, Էն Նասիրիայում պահանջում են կառավարության հրաժարականը։ Խաղաղ սկսված հանրահավաքները արագ վերաճել են ոստիկանների հետ բախումների, որոնք ցույցի մասնակիցներին ցրելու համար օգտագործել են տաք ջրով ջրնետ մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, ուժայիններն սկսել են կիրառել հրազեն, ըստ նրանց՝ նախազգուշացնող կրակ բացելով օդում։
Երկրի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների հետեւանքվ զոհվել է մեկ, տուժել 200 մարդ։ Իրաքյան ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն երեք հոգի է զոհվել. երկուսը Բաղդադում, մեկը՝ Էն Նասիրիայում։ Երեկոյան Իրաքի կառավարությունը հրապարակել է հայտարարություն՝ ափսոսանք հայտնելով «հանրահավաքների ժամանակ բռնության հետ կապված» եւ կոչ անելով «քաղաքացիներին հանդարտվել ու զսպվածություն ցուցաբերել»։





























