Մասշտաբային զորավարժությունների ընթացքը՝ պահեստի զորամասերի ակտիվ ընդգրկմամբ, որոնք դեռեւս շարունակվում են, բավական դրական եւ բարձր եմ գնահատում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 2-ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում գրանցվել են աննախադեպ ցուցանիշներ, որոնք կապված են զինծառայողների պատրաստվածության եւ զինված ուժերի տեղաշարժի հետ տարբեր ուղղություններով։ «Ներկա պահին ես կարող եմ միայն նշել, որ կատարվում է վերլուծություն, որը կներկայացվի կառավարության քննարկմանը, եւ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի դիտարկմանը»,- ընդգծեց Տոնոյանը։ Միեւնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ զորավարժությունների անցկացման ժամանակ, 24 ժամվա ընթացքում, մոբիլիզացվեց պահեստի նույնքան զինծառայող, որքան ծառայում է գործող բանակում։

Զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 5-ին։