Իրաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում առնվազն 12 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 650-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Shafaq գործակալությանը:
«Բողոքի ակցիաների ընթացքում 11 ցուցարար եւ անվտանգության ծառայությունների 1 աշխատակից է զոհվել, 650 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 87 ուժային»,- գործակալությունը մեջբերում է Մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի ղեկավար Ալի ալ-Բայաթիի խոսքը:
Նրա տեղեկություններով՝ ձերբակալվել է 122 մարդ, մեծ մասն արդեն ազատ է արձակվել:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Աբդել Աբդ ալ-Մահդին հայտարարել է Բաղդադում պարետային ժամ սահմանելու մասին: Բողոքի ակցիաները սկսվել են երեքշաբթի Բաղդադում, ապա չորեքշաբթի բողոքի ակցիաներ են անցկացվել մի քանի այլ շրջաններում՝ Զի-Կար, Վասիտ, Նաջաֆ, Դիվանիյա, Բաբիլ:
Ցուցարարները պահանջում են բարելավել կենսապայմանները, լուծել առողջապահության, կրթության ոլորտի, աշխատաշուկայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները:




























