Վերջին օրերին մամուլում բուռն եւ տարաբնույթ քննարկման է ենթարկվում նախորդ տարվա հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում ԵԱՀԿ կողմից իրականացված Դաշտային գնահատման առաքելության արդյունքում կազմված զեկույցի համառոտ ամփոփագիրը:

Անզեն աչքով անգամ կարելի է նկատել, որ զեկույցը պարունակում է ընդհանրական ձեւակերպումներ, խուսափում կողմնակալ գնահատականներից, որոնք կարող են առավելություն տալ կողմերից մեկին եւ կոշտացնել նրա դիրքորոշումը բանակցային գործընթացում: Սակայն, նույն այդ ընդհանրականությունը տեղիք է տալիս անհիմն շահարկումների, երբեմն նույնիսկ տրամաբանության եւ ողջամտության սահմանները խախտող երեւակայական եզրահանգումների:

Սա, իհարկե, միշտ էլ բնորոշ է եղել ադրբեջանական նավթա-քաղաքագիտական մտքին, սակայն առավել քան զարմանալի է, երբ ադրբեջանական թերընթեռնումներն ու պսեվդո-մեկնաբանություններն իրենց ուղիղ արտացոլումն են գտնում նաեւ հայկական կողմից, թեկուզ ընդդիմադիր դաշտից, հնչող վերլուծություններում:

Մասնավորապես, հնչում են մեղադրանքներ առ այն, որ հայկական կողմերը ի սկզբանե չպետք է թույլ տային դիտարկում անցկացնել ԼՂ հարակից շրջաններում: Բայց չէ՞, որ առաքելության անցկացմանը խոչընդոտելը կնշանակեր, որ հայկական կողմը թաքցնելու բան ունի, եւ միգուցե չի ուզում ի չիք դարձնել ադրբեջանական զառանցանքներն առ այն, որ այդ տարածքները դարձել են թմրանյութերի եւ ահաբեկչության տարածման գոտիներ: Բացի այդ, համանախագահներից երկուսը երբեւէ չէին եղել տարածքներում եւ դա անհրաժեշտություն էր բանակցային թիմի համար իրական պատկերն ունենալու առումով:

Հաջորդ մեղադրանքներից մեկը վերաբերում է զեկույցում տեղ գտած «ստատուս-քվոն անընդունելի է» արտահայտությանը:

Համազեկուցողները, նպատակ ունենալով նման հրապարակումներով չվնասել բանակցային գործընթացին, զեկույցում ցուցաբերել են հավասարակշռված մոտեցում: Սակայն զեկույցը հարուստ է «տողատակերով» եւ դրանք անհրաժեշտ է տեսնել եւ ոչ թե դրա փոխարեն պարզ գրված բարդ ստորադասական նախադասությունը բաժանել երկու մասի եւ ներկայացնել միայն մեկը: Օրինակ, ոչ թե «ստատուս-քվոն անընդունելի եւ վերջակետ, այլ ստատուս-քվոն անընդունելի է, եւ խնդրի միայն խաղաղ ու բանակցային կարգավորումը կարող է ավելի լավ եւ կայուն ապագայի նախադրյալ հանդիսանալ նրանց համար, ով ապրել է այստեղ, եւ նրանց, ովքեր հիմա են ապրում»: Ավելին, նշվում է քաղավիացիայի նկատմամբ սպառնալիքների անընդունելի լինելու մասին, որով ուղղակի ցույց են տալիս, թե այդ բոլոր հորդորները ում են ուղղված:

Ինչ վերաբերում է հնչող մեղադրանքներին, թե զեկույցում առկա ձեւակերպումները հետեւանք են հայկական կողմերի՝ տարածքների վերաբնակեցման հարցում ցույց տրված անգործության, ապա տարածքների բնակեցվածության, մարդկանց թվի, նրանց կենսապահովման միջոցների նկարագրությունը ոչ թե կշտամբանք է հայկական կողմի ոչ ակտիվ գործունեության հասցեին, այլ դրանով դիտորները հաստատում են, որ չնայած ադրբեջանական պնդումներին, տարածքները հայկական կողմից ակտիվորեն չեն վերաբնակեցվում, դրանց «փաստացի տիրացման» քայլեր չեն ձեռնարկվել, որ հարյուրավոր կմ-ի վրա չկան ապրողներ, էլ ուր մնաց ծաղկեր թմրաբիզնեսն ու ահաբկչական ճամբարները: Իսկ որ Ադրբեջանի հիմնական պահանջը եւ սպասումը առաքելությունից նման «փաստերի» արձանագրումն էր, ակնհայտ է դառնում զեկույցի՝ ադրբեջանական մեկնություններից, որտեղ նշվում է թե իբր զեկույցի համաձայն, հայերը վերաբնակեցումներ են արել, սփյուռքի միջոցով տներ են կառուցում, գազ ու էլ.էներգիա անցկացնում, կարծես իրենք ոչ թե այդ զեկույցն են կարդացել, այլ ինչ-որ զեկույց՝ Պաղեստինում հրեական անօրինական բնակատեղիների մասին:

Ավելին, թեեւ տարածքներում տիրող իրավիճակը ներկայացվում է որպես աղետալի եւ դաժան, սակայն առաքելությունը դրանք համարում է ոչ թե հրադադարից հետո իրականացրած նպատակուղղված քաղաքականության, այլ «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման» հետեւանք:

Եվ վերջապես, տարածքները հայկական ուժերի հսկողության տակ են անցել պատերազմի արդյունքում կնքված զինադադարով եւ ծառայել ոչ թե կենսական անհրաժեշտության տարածքներ, այլ անվտանգության երաշխիքի գոտի ԼՂ շուրջ: Թե հայկական կողմը եւ թե միջազգային հանրությունը դրանք դիտում են որպես անվտանգության այլ ոչ թե կենսական գոտի, ինչի կապակցությամբ էլ առաքելությունը կողմ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կփոխեն տարածքների կարգավիճակը կամ բնույթը: Վերաբնակեցումը տվյալ պարագայում, անշուշտ, կդիտվի որպես նման քայլ: Հետեւաբար, սա ոչ թե ազդանշան էր հայկական կողմին, այլ պատասխան ադրբեջանական ապատեղեկատվությանը:

Ինչ վերաբերում է «օկուպացված տարածքներ» արտահայտությանը, ապա նման ձեւակերպումը նոր երեւույթ չէ, կան նման ձեւակերպումներով այլ փաստաթղթեր եւս, սակայն այստեղ շատ ավելի կարեւոր է այն, որ այդպիսով զեկույցում դրանք հստակորեն առանձնացվում են Լեռնային Ղարաբաղից եւ կրկնակի անգամ ընդգծում բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առանձնահատկությունը:

Նույնիսկ վտանգավոր է բնորոշվում մշակույթային ժառանգության պահպանման նկատմամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու նույնքան ընդհանրական կոչը, այն դեպքում, որ եթե նույնիսկ ընդարձակ զեկույցում ներկայացված լինեն առանձին փաստեր դրանց ավերված կամ ոչնչացված լինելու վերաբերյալ, գրեթե անհնարին է փաստել, թե դրանց քայքայումը եղել է ռազմական գործողությունների ընթացքում, թե դրանից հետո:

Քանի որ առկա են 2 կողմերին պատկանող հուշարձանների անմնխիթար վիճակի մասին փաստեր, ապա առաքելությունը հավանաբար դրանք վերագրել է պատերազմական շրջանին:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստություն են հայտնում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանում, ԼՂ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում նախատեսվող պատասխան առաքելության անորոշության մասին, պետք է նկատեին, որ հենց իրենք, համազեկուցողները նշում են ԼՂ հիմնախնդրին առնչվող այլ գոտիներում առաջիկա առաքելության անցկացման մասին: Նշում են նույն այդ զեկույցում եւ հրապարակավ, ինչը բացառում է այն անցկացնելու հետագա մերժումը: Ինչ վերաբերում է հստակ ժամկետներին, ապա դա տեխնիկական հարցերի հետ կապված մի ամբողջ գործընթաց է, եւ եթե հաշվի առնենք, որ այն իրականացվելու է ադրբեջանական կողմից, ապա համանախագահներից կպահանջվի շատ ավելի ջանք ու ժամանակ: Այնուամենայնիվ, հայտարարությամբ գործընթացի մեկնարկը կարելի է համարել տրված:

Ինչ վերաբերում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կոչին, թեեւ չի նշվում, թե կողմերից ում է այն ուղղված, սակայն այդ նախադասությանն անմիջականորեն կապելով քաղավիացիայի նկատմամբ սպառնալիքի անթույլատրելության բնորոշումը,  համանախագահները հստակ եւ ցցուն կերպով միջազգային հանրության դատին են ներկայացնում հենց Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները:

Ընդհանուր առմամբ, որոշ հակասական  եւ ընդհանրական բնույթով հանդերձ, զեկույցում հնարավորինս պահպանվում է հավասարակշված մոտեցումը: Համանախագահները հասկանում են, որ զեկույցով կողմերից մեկին լրացուցիչ խաղաքարտ տրամադրելը կկոշտացնի վերջինիս դիրքորոշումը եւ կնվազեցնի բանակցային գործընթացում փոխզիջումային մոտեցումները: Այնուամենայնիվ, տողատակերի ընթերցման ունակություններ ունեցողները եւ ծայրահեղական մոտեցումներից զուրկ անձինք կկարողանան տարանջատել իրական վտանգը մտածածին, երեւակայական հիփոթեզներից եւ տեսնել, թե որքանով է այս զեկույցը իրականում համահունչ հայկական կողմերի դիրքորոշումներին:

Միքայել Արսենյան
միջազգային հարաբերությունների մասնագետ