Աշխարհահռչակ փոփ-երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ համերգի կազմակերպիչ VH Music-ի տնօրեն Վահե Հարությունյանը (ում հանդեպ ոստիկանության կենտրոնականի բաժնում ավելի վաղ նյութեր էին նախապատրաստվում) ոստիկանությունում պարտավորվել եւ գրավոր կերպով խոստացել է չկայացած համերգի տոմս գնած քաղաքացիների գումարները վերադարձնել մինչև ապրիլի 10-ը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Եթե Վահե Հարությունյանն իր պարտավորությունները չկատարի, հնարավոր է` նրա հանդեպ խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցվի»,- ավելացրեց նա։

Նշենք, որ VH Music-ի կողմից կազմակերպված, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը 3 անգամ հետաձգվել էր: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, իսկ հետո պարզվել էր, որ համերգն ընդհանրապես չի կայանալու:

Մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության տնօրենը հավաստիացրել էր, որ իրենք փուլ առ փուլ վերադարձնելու են համերգի տոմսեր գնած բոլոր մարդկանց եւ կազմակերպությունների գումարները։ «Այդ մարդիկ կարող են դիմել Իսահակյան 28 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կամ զանգահարել մեզ»,- ասել էր Հարությունյանը։

Նշենք, որ համերգին պետք է մասնակցեին նաեւ երգիչներ Արա Մարտիրոսյանը, Սիրուշոն եւ «Օզոն» խմբի անդամ Արսենին։