ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդարացրել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ ռեյդի մասին դեմոկրատների առաջնորդներին չիրազեկելու իր որոշումը՝ կրկին հայտարարելով, որ ինքը մտահոգված է, որ ռեյդի մանրամասները կարող են տարածվել, հաղորդում է Fox News-ը:

Երեկ Թրամփը հայտարարել է ալ-Բաղդադիի մահվան մասին՝ նշելով, որ այդ մասին չի տեղեկացրել պաշտոնյաներին, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, քանի որ վախեցել է, որ արտահոսք տեղի կունենա՝ սպառնալիքի տակ դնելով առաքելությունը: Նա լրագրողների հետ զրույցում քննադատել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին՝ ասելով.

«Նրանք ասում էին՝ ինչու տեղեկությունը չեմ փոխանցել Ադամ Շիֆին եւ նրա հանձնաժողովին: Պատասխանը հետեւյալն է. Ադամ Շիֆը Վաշինգտոնում ամենամեծ իրազեկիչն է: Նա կոռումպացված քաղաքական գործիչ է»:

Թրամփը Շիֆին քննադատել է իր դեմ իմպիչմենթի հետաքննության համար՝ հիշեցնելով, որ կոնգրեսականը ներկայացրել է իր եւ Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցի չափազանցված տարբերակը: Ավելի ուշ Շիֆն այն «պարոդիա» է անվանել: Թրամփը նրան մեղադրել է «հանցավոր գործողություն» կատարելու մեջ:

Կոնգրեսի բարձրաստիճան պաշտոնյաներին ռեյդի մասին չիրազեկելու Թրամփի որոշումը վիճելի է համարվում:

«Պալատը պետք է տեղեկանար այդ մասին: Այդ մասին ռուսաստանցիները տեղեկացել են Կոնգրեսից ավելի շուտ: Մեր զինվորականներն ու դաշնակիցներն արժանի են ուժեղ, խելացի եւ ռազմավարական ղեկավարության»,- ասել է Փելոսին: