Ճապոնիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են դադարեցնել պարաշյուտադեսանտային ստորաբաժանումների զորավարժությունները, որոնք ամերիկյան զորքերն անցկացնում են Օկինավա կղզում ՌՕՈՒ Կադենա բազայի սահմաններում: Երեքշաբթի այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկյան կողմին նկատառում է ներկայացվել՝ այդպիսի զորավարժությունների անցկացումը դադարեցնելու պահանջով»,- նշել է Կոնոն: Նրա խոսքով՝ խիտ բնակեցված շրջանում այդպիսի զորավարժությունների անցկացումը արագ փոփոխվող եղանակային պայմաններում կարող է տեղի բնակչությանը պոտենցիալ վտանգ ներկայացնել:

Կադենա բազայի շրջանում ամերիկյան զորքերը պարբերաբար պարաշյուտային դեսանտի իջեցում են անցկացնում: Ճապոնիայի իշխանությունները երկար տարիներ շարունակ ԱՄՆ-ին կոչ են անում հրաժարվել այդպիսի զորավարժությունների անցկացումից: Օկինավայի բնակչությունը չափազանց բացասաբար է վերաբերվում ամերիկյան պարաշյուտային վարժանքներին, որոնք նախկինում բազմիցս հանգեցրել են վտանգավոր միջադեպերի:

1996 թվականի պայմանավորվածության համաձայն՝ այսպիսի զորավարժությունների համար հատկացված է քիչ բնակեցված ոչ մեծ Իե կղզին: Սակայն ԱՄՆ ռազմական իշխանությունները վերջին շրջանում խուսաափում են այնտեղ դեսանտի իջեցում կատարելուց՝ վկայակոչելով վատ եղանակը:

Օկինավայում է կենտրոնացած Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների մոտ 70 տոկոսը, ներառյալ ԱՄՆ սահմաններից դուրս ամենախոշոր ՌՕՈՒ Կադենա բազան: Օկինավայում է տեղակայված նաեւ արագ արձագանքման ուժերի կազմից ծովային հետեւակի դիվիզիան: