Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արել հրաժարվել ԵՄ-ի հետ գործարքի ներկայիս տարբերակից, քանի որ այն, նրա համոզմամբ, թույլ չի տալիս Brexit-ն իրականացնել: Նա այս մասին հայտարարել է դեկտեմբերի 12-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին իր քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավը սկսելիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա վատ գործարք է, սա Brexit չէ: Ես ցանկանում եմ Ջոնսոնին կոչ անել վերանայել իր գործարքը, վերանայել այս համաձայնագրի մանրամասները: Համընդհանուր ընտրությունները վերբեռնման կոճակը սեղմելու եւ գործողությունների այլ ծրագիր իրականացնելու հնարավորություն է»,- ասել է Ֆարաժը:
«Մենք ոչ մի կերպ վերահսկողություն չենք վերականգնում մեր սահմանների կամ մեր փողի նկատմամբ: Բորիսի գործարքը մեզ է տալիս ԵՄ անդամակցության ամբողջ ծանրությունը՝ առանց ձայնի իրավունք ունենալու հնարավորության: Սա կհանգեցնի մի արշավի, որի հետեւանքով մենք կրկին կմիանանք ԵՄ-ին»,- հավելել է նա:
«Մենք յուրաքանչյուր մանդատի համար կպայքարենք Անգլիայում, Ուելսում եւ Շոտլանդիայում: Մեր պատրաստակամությանը մի կասկածեք եւ մի թերագնահատեք մեր վճռականությունը: Մենք հակված ենք Brexit-ն իրականացնելուն»,- ասել է եվրահոռետեսների կուսակցության ղեկավարը:
Ընդ որում՝ Ֆարաժը, որը նաեւ ծրագիր է վարում LBC ռադիոկայանում, վկայակոչել է հարցազրույցը, որը նախօրեին իրեն տվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը ուշադրություն էր դարձրել այն փաստին, որ ԵՄ-ի հետ գործարքը ներկայիս տեսքով կարող է խոչընդոտել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելուն, ինչպես նաեւ Ջոնսոնին ու Ֆարաժին կոչ էր արել ջանքերը միավորել Brexit-ի իրականացման համար:
Բրիտանացի վարչապետը քանիցս հայտարարել է այն մասին, որ Brexit կուսակցության հետ դաշինքի չի գնա, սակայն ուրբաթ Ֆարաժը կրկին նրան աջակցություն է առաջարկել նշված պայմաններով ԵՄ-ի հետ գործարքից հրաժարվելու հարցում: «Brexit կուսակցությունում բոլորս պատրաստ ենք երկրի շահերը վեր դասել կուսակցական շահերից, եւ մենք Բորիս Ջոնսոնին ու մյուս պահպանողականներին ասում ենք. «Հիմա դա անելու ճիշտ ժամանակն է»: Բայց եթե նրանք նախընտրեն դա չանել, ապա մենք ինքներս կիրականացնենք դա: 17,4 մլն մարդ քվեարկել է Brexit-ի օգտին, եւ նրանք արժանի են, որ այն իրականացվի»,- ասել է քաղաքական գործիչը:




























