Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է նախկին ու ներկա իշխանավորների կողմից լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելուն: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայ ազգային կոնգրեսն արդեն մի քանի անգամ անդրադարձել է իշխանական նախկին ու ներկա պաշտոնյաների եւ օլիգարխների կողմից լրատվամիջոցներին ֆինանսապես խեղդելու, դրանով նրանց ու յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը ոտնահարելու փաստի մասին։ Այդ հնարավորությունը նրանց ընձեռվել է ներկայիս Օբուդսմեն Կարեն Անդրեասյանի հեղինակած եւ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությամբ։

«Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթերից հետո այսօր նույնպիսի հարվածի տակ են հայտնվել «Երկիրը», որի դեմ հայց է հարուցել ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը եւ «Հրապարակը», որին դատի է տվել Ռ. Քոչարյանը։ Վերջինս, որ լրատվամիջոցներին դատի տալու գործում առաջամարտիկ է, նաեւ պահանջել է կալանք դնել «Հրապարակի» դրամական միջոցների եւ գույքի վրա, ինչը եւ բավարարել է դատարանը։ Կալանք է դրվել նաեւ «Երկիր» թերթի գույքի վրա:

Մամուլը, անկախ դրա միջոցների քաղաքական եւ այլ ուղղվածությունից, այն ամենակարեւոր հարթակն է, որտեղ իրացվում են մարդու կարեւորագույն իրավունքները, որտեղ ձեւավորվում է հասարակական կարծիքը, որի անգնահատելի օգնությամբ ձեւավորվում է երկրի քաղաքացիական հասարակությունը։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած այս խայտառակ արշավանքը։ Ստոր այս մեթոդին ապավինելով՝ նրանք ակամա մատնում են ազատ խոսքի եւ իրենց գործունեության հանրայնացման նկատմամբ ունեցած վախը, մյուս կողմից՝ ցուցադրում սեփական էության ճղճիմությունը»: