Հնարավոր չէ բարձր պահել գիտնականի հեղինակությունը, եթե նա չնչին աշխատավարձ է ստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել 38 տարվա վաստակավոր գիտնական Ռոբերտ Սարգսյանը:
«Գիտությունը սիրում է, որ իրեն սիրեն-փայփայեն, բայց պիտի ապահովված լինես: Եթե երեխադ սոված է, էլ ի՞նչ գիտություն, պետք է շինարարությունում էլ աշխատես: Այսօր պարզապես ուշադրությունից դուրս է մնացել գիտական ոլորտը, արդյունքում անվանի գիտնականների մեծ մասը արտերկրից լավ առաջարկներ է ստացել ու հեռացել: Իսկ նրանք, ովքեր մնացել են, արդեն թոշակի են անցել ու աշխատում են զուտ ոլորտի գոյությունը պահպանելու համար»,-ասել է Ռոբերտ Սարգսյանը` շարունակելով, որ գիտության ոլորտում աշխատող մնացել են միայն թոշակառուները, քանի որ «երիտասարդներն այլեւս չեն ընտրում այս ոլորտը, քանի որ նրանց չի գայթակղում 30-40 հազար դրամ աշխատավարձը»:
«Որքան էլ զարմանալի է մեր երկրի կառավարությունն ամենեւին էլ անհանգստացած չէ Հայաստանից ուղեղների արտահոսքով: Հարեւան երկրներում գնահատում են հայ գիտնականի աշխատանքը՝ տալիս բարձր աշխատավարձ , ստեղծում նորմալ պայմաններ գիտական գործունեության համար»,-իր կարծիքն է արտահայտել երիտասարդ գիտնական Գոռ Մանասյանը: Երիտասարդ գիտնականը համոզված է, որ նույնը կարող են անել նաեւ մեր երկրում, բայց այնպիսի տպավորություն է, որ պարզապես չեն ուզում գիտական ոլորտի վրա գումարներ ծախսել:
«Իմ գիտնական ընկերներից շատերն հիմա այս ոլորտում չեն, ես ընտրել եմ չարյաց փոքրագույնը`երկու տեղ եմ աշխատում, նաեւ մանկավարժություն եմ անում, որպեսզի գիտական ոլորտից դուրս չգամ»,-ասել է Գոռ Մանասյանը:




























