Հայաստանը 1993 թվականին միացել է ՄԱԿ-ի  1988 թվականի «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիային: Դրանով, մասնավորապես, նախատեսված  է իրավասու մարմնի ստեղծման ապահովում:

Անցել է արդեն 18 տարի, եւ Հայաստանում հանկարծ հիշել են, որ կոնվենցիայի պահանջները պետք է կատարել։ Ճիշտ է, ՀՀ ոստիկանությունը առանց միջազգային պայմանագրի էլ փաստացի իրականացնում է թմրամիջոցների ու հոգեգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար, սակայն այդ հանցագործությունների աճը հիմք է տալիս ենթադրելու, որ դա այնքան էլ արդյունավետ չի իրականացվում։ Այս տարվա հունվար-փետրվարին, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 120 դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2008 թ. համեմատ այդ ցուցանիշն ավելացել է մոտ 2,2 անգամ։

Անշուշտ, միայն պաշտոնական վիճակագրությամբ հնարավոր չէ պատկերացում կազմել ապօրինի շրջանառության իրական ծավալների մասին։

Հնարավոր է՝ գրանցված դեպքերի քանակն ավելանում է միայն այն պատճառով, որ ոստիկանությունն ավելի լավ է աշխատում։ Սակայն հասարակական հարցումները եւս վկայում են, որ թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի նկատմամբ հետաքրքրության աճ կա, հատկապես երիտասարդության շրջանում։

Նշենք, որ իրավասու մարմնի մասին կառավարության որոշման նախագիծը պատրաստել եւ կառավարության քննարկմանն է ներկայացրել արդարադատության նախարարությունը։ Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության՝ արդարադատության նախարարությունը սկզբնապես իրավասու մարմին առաջարկել է ճանաչել ոչ թե ոստիկանությանը, այլ գլխավոր դատախազությանը։ Սակայն այնուհետ, հաշվի առնելով ոստիկանության պաշտոնական բողոքը, փոխել է իր մոտեցումը։

Սամվել Ավագյան