Ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին պատգամավորներն օրակարգում ընդգրկել են «Քաղաքացիական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որն ավելի վաղ ստացել էր Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Օրենսդրական այս նախաձեռնության էությունն է հավասարեցնել լիզինգի մեխանիզմները եւ կիրառման շրջանակը ֆինանսական եւ վարկային մեխանիզմների հետ: Լիզինգի մասով օրենսդրական դաշտը, ինչպես վստահեցրեց հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, նախատեսվում է վերափոխել` բիզնեսի ընդլայնման նպատակով. տեղական արտադրատեսակների արտադրություն, ներդրումներ, վաճառքների ոլորտ, բեռների տեղափոխում եւ այլն: