Հայաստանի կառավարությունը փորձում է գտնել տարբերակներ, որպեսզի ապրիլի 24-ին Հայաստանում եւ արտակարգ դրության ռեժիմի մեջ գտնվող մի շարք այլ երկրներում կարողանան հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին ապրիլի 15-ին ԱԺ նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարության համար պայքարը երբեք չի դադարի։

«Այժմ աննախադեպ, ոչ սովորական պայմաններ են, սակայն այս ամբողջ ընթացքում հայ ժողովուրդը կանգ չի առել ոչ մի հանգամանքի առջեւ արդարության համար այս կարեւոր պայքարում։ Այս տարի մենք կգտնենք տարբերակ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել եւ մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- ընդգծեց Մնացականյանը։