Ես մասամբ սատարում եմ Լարի Սամերսի այն թեզը, որ աշխարհը չի լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էր, եւ այսուհետ մենք դատապարտված կլինենք ցածր գնաճ ունենալու, քանի որ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում թեկնածությանը հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի կողմից այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Մարտին Գալստյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին` արդյոք կորոնավիրուսի հաղթահարումից հետո գնանկում տեղի կունենա, թե, հակառակը, ճգնաժամը գնաճի կհանգեցնի:
Ըստ նրա` գնաճի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները ընթացքի մեջ են: «Եվ եթե այս ամենը տեղի չունենար, ես կարծում եմ, որ այժմ բանավեճեր կլինեին գնաճի նպատակային ցուցանիշի իջեցման շուրջ»,- հավելեց Գալստյանը:




























