Արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել պաշտոնատար անձանց բարեվարքության և գույքային դրության ստուգման վերաբերյալ՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նոր ընթացակարգերին և այլ հարցերի։ Հիշյալ իրավակարգավորումներն արտացոլված են Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։ Թեմայի շուրջ NEWS.am–ը զրուցել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին անդամ,  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի հետ։

Պարոն Շաթիրյան, ըստ ձեզ բարեվարքության ստուգման՝ «վեթինգի» կիրառման օրենսդրությամբ նախատեսված դրույթները հետապնդու՞մ են իրավաչափ նպատակ։

Նախ՝ առաջարկում եմ, այնուամենայնիվ, ձեռնպահ մնալ «վեթինգ» եզրույթի գործածությունից, քանզի, մի կողմից, այն ուղղակիորեն ամրագրված չէ որևէ իրավական ակտով, մյուս կողմից, առաջ է բերում որոշակի բացասական ընկալումներ, այսպես ասած, համապատասխան թիրախային խմբի շրջանում և չափազանցված սպասումներ՝ հանրության շրջանում: Այդ առնչությամբ, առավել նպատակահարմար է շեշտադրումը կատարել բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության և, այսպես ասած, գույքային դրության ստուգման վրա։ 

Դատական իշխանության մասով, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ ունենալու առաջնահերթությունները, այդ համատեքստում՝ դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի և ընթացակարգերի բարելավման, դատավորների բարեվարքության գնահատման վերաբերյալ, ինչպես նաև վերաբերելի այլ դրույթներ արտացոլված են Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունում: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը, որը դեռևս չի ստորագրվել Հանրապետության նախագահի կողմից, միտված է վերոնշյալ, ինչպես նաև Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերելի դրույթների/գործողությունների ծրագրի կենսագործմանը: 

Կարծում եմ՝ տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է ոչ այնքան վերը հիշատակված օրենքների փաթեթով ամրագրված դրույթների իրավաչափ նպատակ հետապնդելուն, որքան դրանց գործնականում կենսագործման ընթացքում հնարավոր տարաբնույթ խնդիրների առաջ գալուն։ 

Օրենքով՝  «վեթինգ» իրականացնելու լիազորությունը տրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ), որը և պետք է իրականացնի ԲԴԽ անդամների թեկնածուների, ՍԴ դատավորների թեկնածուների, դատավորների  թեկնածուների հավակնորդներիբարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքներով ներկայացնի խորհրդատվական եզրակացություններ, ինչը կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։Ի՞նչ երաշխիք կա, որ  քաղաքականացված կազմ և ազդեցությունների կրող մարմնի՝ԿԿՀ–ի կողմից իրականացված ստուգումը կլինի անաչառ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվել է Ազգային ժողովի կողմից ուղղակի նշանակումների արդյունքներով: Ընդ որում՝ հանձնաժողովի երեք անդամների թեկնածություններն առաջադրել են Ազգային ժողովի խմբակցությունները, իսկ հանձնաժողովի մյուս երկու անդամների թեկնածությունները համապատասխանաբար՝ Կառավարությունը և Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ հանձնաժողովի առաջին կազմի հինգ անդամներից առնվազն չորսի թեկնածություններն առաջադրել են քաղաքական մարմինները և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնաժողովի անդամները ընտրվել կամ նշանակվել են ոչ թե մրցութային կարգով, այլ ուղղակիորեն, թերևս, քաղաքական գործոնի այս կամ այն չափով ազդեցությունը բացառել չի կարելի։Սակայն չմոռանանք, որ օրենքով ամրագրված է, որ հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ և օրենքներով, ոչ ոք իրավունք չունի միջամտելու հանձնաժողովի աշխատանքներին և տալու ցուցումներ, հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն: Հատկանշական է, որ հարցի առնչությամբ նկատառում է ներկայացված նաև Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից: Միաժամանակ, հարկ է նկատել, որ վերը հիշատակված օրենքների փաթեթում ընդգրկված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ամրագրված են դրույթներ հանձնաժողովիանդամիպաշտոնումթեկնածուներիընտրության նպատակով մրցութայինխորհրդի ձևավորման և գործունեության վերաբերյալ, նախատեսված է հանձնաժողովիանդամիպաշտոնումթեկնածուներիընտրություն՝մրցութային ընթացակարգով:

Հայտնի է, որ հանձնաժողովը ստուգելու է նաև գործող դատավորների, ՍԴ դատավորների և ԲԴԽ անդամների՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում ներկայացված բոլոր հայտարարագրերը։ Որքանո՞վ է արդյունավետ հետ գնալ և ստուգել նախկին հայտարարագրերը։ Կարելի՞ է արձանագրել, որ ԿԿՀ–ն չի վստահում նախորդ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանցէթիկայի հանձնաժողովի նախկինում ծավալած գործունեությանը։

Հարցի առնչությամբ, նախ՝ հարկ եմ համարում նշել, որ հայտարարագրերի վերլուծության մեթոդները, հայտարարագրմանն առնչվող խախտումները որոշակիացնող և այդ խախտումների համար վարչական/քրեական պատասխանատվություն սահմանող օրինադրույթները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինի հարստանալուն վերաբերող 310.1-ին հոդվածը, որն ուղղակիորեն կապված է հայտարարագրման/հայտարարագրի հետ, ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից: Հետևաբար՝ հայտարարագրմանն առնչվող խախտումների համար համապատասխան իրավական ընթացակարգեր նախաձեռնելու և դրանց արդյունքում պատասխանատվության միջոցներ կիրառելու առումով, կարծում եմ՝ որպես մեկնակետ պետք է ընդունել 2017 թվականի հուլիսի 1-ից սկսած ժամանակահատվածը՝ հիմք ընդունելով այն հայտարարագրերը, որոնք ներկայացվել են կամ ենթակա էին ներկայացման՝ սկսած այդ պահից: Միաժամանակ, եթե խոսքը վերաբերում է քրեաիրավական գնահատական պահանջող այլ արարքներին, թերևս, առկա չէ խնդիր նաև մինչև նշված ժամկետը ներկայացված հայտարարագրերն իրավապահ մարմինների կողմից վերլուծության ենթարկելու առումով: Այս համատեքստում, ապօրինի հարստանալու մասով, նկատի ունենալով ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-ին հոդվածում գործածված «հաշվետու ժամանակահատվածում»ձևակերպման բովանդակային առումով ոչ միանշանակ լինելը, ձեռնպահ կմնամ միանշանակ գնահատականներից:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքին համապատասխան հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ հիշյալ օրենքով սահմանված դրույթները կիրառելի են լինելու նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ: Այդ առնչությամբ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով որպես դատավարի վարքագծի ընդհանուր կանոններ ամրագրված են դատավորի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան և այդ օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով այդ հանձնաժողովին պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ ներկայացնելու պարտականությունը, որոնք հաստատում են, որ իր գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական է և արժանահավատ է, ինչի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվում է այդ կապակցությամբդատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահականվարույթ հարուցելու լիազորություն, այդ համատեքստում, թերևս, խնդրահարույց կարող է լինել մինչև սույն օրենքների ուժի մեջ մտնելը ներկայացված կամ ներկայացման ենթակա (մասնավորապես՝ սկսած 2017 թվականի հուլիսի 1-ից) հայտարարագրերի առնչությամբ համապատասխան ընթացակարգերի (կարգապահական)նախաձեռնումը և իրականացումը: Այդ կապակցությամբ,«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքովթեև ամրագրված է, որ այդ օրենքի՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ, միաժամանակ, ամրագրված է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավարի վարքագծի վերոնշյալ երկու ընդհանուր կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց երեք տարի հետո: Հիշյալ դրույթները կարող ենխնդրահարույց լինել/ոչ միանշանակ մեկնաբանվել՝ նկատի ունենալով նաև դրանց՝ օրենքների փաթեթում ներառված առանձին օրենքներում արտացոլված վերաբերելի այլ դրույթների հետ փոխկապվածության մեջ գտնվելու հանգամանքը:

Հարցի երկրորդ մասի առնչությամբ, հարկ եմ համարում արձանագրել, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ներկայացված բոլոր հայտարարագրերի բովանդակային վերլուծություն չի իրականացրել և գործնականում չէր կարող իրականացնել՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, սկսած 2017 թվականի հուլիսի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձանց թիվըքառապատկվեց (մոտավոր), ինչով պայմանավորված, էականորեն ավելացավ նաև հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների թիվը: Մարդկային և այլ ռեսուրսների խիստ սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված, բոլոր հայտարարագրերի՝ բովանդակային առումով վերլուծությունը գործնականում հնարավոր չէր: Էթիկայի հանձնաժողովն 2018-2019 թվականներին հայտարարագրերի բովանդակային վերլուծությունն իրականացրել է կոնկրետ հայտանիշով/հայտանիշներով, այսինքն՝ էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործողության պայմաններում համապատասխան հայտանիշով/հայտանիշներովպարբերաբար դուրս է բերվել հայտարարագրերի համապատասխան խումբ, որը ենթարկվել է վերլուծության: Բոլոր դեպքերում էթիկայի հանձնաժողովն ակտիվորեն նախաձեռնել է վարութայինընթացակարգեր և դրանց արդյունքներով նաև վարչական տույժեր կիրառել:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ էլեկտրոնային հայտարարագրման համակարգը ենթակա էր տեխնիկական վերազինման՝ նկատի ունենալով «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքով հայտարարագրմանը, մասնավորապես՝ հայտարարագրերի բովանդակությանն առնչվող դրույթները, ինչպես նաև Կառավարության ծրագրում արտացոլված վերաբերելի դրույթների՝ նաև օրենսդրական մակարդակում իրացման հրամայականը: Մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձևավորված լիներ դեռևս 2018 թվականի ամռան սկզբին, սակայն դրա ձևավորման գործընթացը ձգձգվեց, ինչով պայմանավորված, էթիկայի հանձնաժողովի կարգավիճակը սահմանադրական փոփոխված կարգավորումների համատեքստում վիճելի էր, ինչպես և էթիկայի հանձնաժողովի անդամների կարգավիճակը:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով (դրանում փոփոխություններ/լրացումներ կատարելու մասին օրենքներով) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օժտվել է շատ ավելի լայն գործիքակազմով, քան էթիկայի հանձնաժողովը: Չմանրամասնելով այդ առնչությամբ ամրագրված օրինադրույթները՝ ցանկանում եմ միայն նշել, որ օրենքով, որը դեռևս չի ստորագրվել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվելու է նաև հասանելիություն բանկային գաղտնիք կազմող տվյալներին, ինչը չափազանց կարևոր է հայտարարագրված առանձին տվյալների (անկանխիկ դրամական միջոցներ, բանկային ավանդներ) արժանահավատության և ամբողջականության ստուգման առումներով, մինչդեռ էթիկայի հանձնաժողովին օրենքով այդ հասանելիությունն օրենքով չի վերապահվել:

Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերվում է բանկային գաղտնիք կազմող տվյալներին (առանց դատարանի որոշման) հասանելիություն վերապահելու վերաբերյալ օրինադրույթներին, ամենևին չի բացառվում, որ Հանրապետության նախագահը դիմի Սահմանադրական դատարան դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ  Հանրապետության նախագահնարդեն դիմել է Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի (օրենքները չեն ստորագրվել) առանձին դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով:

ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ դատավորների համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաեւ կարգապահական պատասխանատվության եւ հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։ Արդյոք այս մեխանիզմը չի՞ թուլացնի դատավորների անկախությունն ու պաշտպանվածության երաշխիքները։

Կարծում եմ՝ հարցին պետք է մոտենալ այլ (առավել առարկայական) համատեքստում: Այսպես, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքին (դեռևս չի ստորագրվել) համապատասխան՝ եթե հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ միասին ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։ Այդ առնչությամբ, թեև ՀՀ դատական օրենսգրքով ամրագրված է, որ դատավորին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը, այդուհանդերձ, գործնականում հնարավոր է առաջ գա այնպիսի իրավիճակ, երբ, օրինակ՝ հայտարարագրմանն առնչվող բովանդակային խախտման համար անձը ենթարկվի վարչական պատասխանատվության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, և, գրեթե միաժամանակ, նույն խախտման համար, դատավորի վարքագծի ընդհանուր կանոնի խախտման հիմքով կարգապահական վարույթի արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից նրա լիազորությունները դադարեցվեն: Այդ կարգավորումն, ըստ իս, խնդրահարույց է: