Արտասահմանում տեղակայված ամերիկյան կենսալաբորատորիաներում կարող են կատարվել վտանգավոր հիվանդությունների ախտածինների մշակումներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել ԱՄՆ սահմաններից դուրս, մասնավորապես նախկին խորհրդային հանրապետությունների տարածքներում ամերիկյան կենսաբանական ներկայության ամրապնդմանը:
«Չի բացառվում, որ ամերիկացիների կողմից այդ լաբորատորիաներում կատարվում են վտանգավոր հիվանդությունների տարբեր հարուցիչների ստեղծման եւ մոդիֆիկացման աշխատանքներ, այդ թվում նաեւ ռազմական նպատակներով»,- ասել է նա:
Զախարովան հիշեցրել է, որ Վրաստանում գործում է Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության ամերիկա-վրացական կենտրոն, որը պաշտոնապես մտցված է ինֆեկցիոն հիվանդությունների տարածման գլոբալ վերահսկողության ամերիկյան ռազմական համակարգի կազմի մեջ: «Ավելին՝ ըստ տեղեկությունների, բոլորովին վերջերս այնտեղ են կրկին եղել Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք վրացական իշխանություններին առաջարկել են ընդլայնել անցկացվող հետազոտությունների դիապազոնը»,- հավելել է դիվանագետը:
«Մենք, բնականաբար, չենք կարող անտեսել այն փաստը, որ ամերիկացիների կողմից վտանգավոր կենսաբանական ներուժով ենթակառուցվածք է ձեւավորվում ռուսական սահմանների անմիջական մերձակայքում»,- ամփոփել է Զախարովան:





























