SARS-CoV-2 կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր տեսակն իսկապես սարսափելի է. վիրուսը քայքայում է թոքերը, եւ ինֆեկցիայի հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն նրանք, ովքեր քրոնիկական հիվանդություններով են տառապում, այլ նաեւ բացարձակ առողջ մարդիկ: Այս մասին հայտնի ռուսաստանցի մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Սերինե Ղազարյանը տեղյակ է ոչ լուրերից, հայտնում է Sputnik-Армения-ն:
Ղազարյանի ընտանիքում վիշտ է տեղի ունեցել. COVID-19-ի հետեւանքով կյանքից հեռացել են նրա ծնողները՝ հայտնի գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դեկտոր Միշիկ Ղազարյանը եւ բժիշկ-համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը: Նրանք համապատասխանաբար՝ 72 եւ 69 տարեկան էին: Չնայած տարիքին, երիտասարդները կարող էին նախանձել նրանց էներգիային եւ աշխատունակությանը: Մշտապես եռանդով լի էին ու ակտիվ:
Ղազարյանը Sputnik-Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը, որոնք ողբերգական հետեւանքների են հանգեցրել: Նա հերքել է որոշ լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ իր ծնողները տառապել են քրոնիկական հիվանդություններով:
«Ծնողներիս չեմ վերադարձնի, բայց իմ նպատակն է մյուսներին տեղեկացնել, որ վիրուսն իրապես սարսափելի է, այն խլում է նաեւ առողջ մարդկանց կյանքերը: Դիմում եմ նրանց, ովքեր կարծում են, որ տանը նստելը մղձավանջ է: Տանը նստելը մղձավանջ չէ, եթե չեք ցանկանում հայտնվել գերեզմանի մեջ: Ցանկանում եք զբոսնել գերեզմանի՞ մեջ: Խնդրեմ»,- ասել է Ղազարյանը:
Ամեն ինչ սկսվեց սովորական ՍՇՎ-ից, Ղազարյանները, համենայնդեպս, այդպես էին կարծում: Սերինեն ասում է, որ ծնողներն իր հետ էին ապրում: Այսպիսով, ամբողջ ընտանիքը, այդ թվում՝ իր երեխաները, հիվանդացել են, բարձրացել է նրանց ջերմությունը՝ թունավորման նշաններով. մկանային ցավեր, հոդացավեր եւ գլխացավեր, սարսուռ: Սերինեն վստահ է, որ բոլորը հիվանդացել են Covid-19-ով, սակայն նա եւ երեխաներն ապաքինվել են, իսկ ծնողները՝ ոչ:
«Ես եւ երեխաներս առողջացանք 2-3 օրում, իսկ ծնողներիս մոտ ջերմությունը դեռեւս պահպանվում էր: Դա ինձ վախեցրեց, չնայած լաբորատոր անալիզներով ամեն ինչ նորմալ էր»,- հիշում է Ղազարյանը:
Ծնողների ջերմությունը պահպանվում էր, եւ մարտի 21-ին Սերինեն ստիպված էր բժիշկ կանչել: Նրան, սակայն, ասել են, որ թոքերը մաքուր են, արյան անալիզը՝ իդեալական: Բժիշկները կասկած չունեին, որ սա սովորական ՍՇՎ է:
Երկու օր անց իրավիճակը փոխվել է, արդեն մարտի 23-ին Հասրաթյանն ու Ղազարյանը հոսպիտալացվել են 68-րդ հիվանդանոց՝ թոքաբորբի կասկածով: Քանի որ ամուսինները ոչ մի տեղ չէին գնացել եւ դրսից եկողների հետ չէին շփվել, ոչ ոք ենթադրել անգամ չէր կարող, որ նրանց ախտահարել է չարաբաստիկ Covid-19-ը:
«Նրանց տարան սովորական հիվանդասենյակ: Հայրիկս կատակում էր, ցանկանում էր ցնցուղ ընդունել, բայց… Այս հիվանդությունը հենց նրանով է նենգ, որ սկզբում թվում է, թե ամեն ինչ լավ է, իսկ իրականում այդպես չէ»,- ասել է Սերինեն:
Մարտի 27-ին նրա հորը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Սերինեն կարծում է, որ հենց այդ օրն են երկուսն էլ վատ զգացել, նրանց մոտ սկսվել էր «ցիտոկինային փոթորիկ» (հիվանդությանը իմունային համակարգի ռեակցիա, որը կյանքի համար վտանգավոր է – խմբ.): Կարճ ասած՝ օրգանիզմը հարձակվում է ինքն իր վրա:
Նույն օրը Միշիկի եւ Արփիկի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նրանց տեղափոխել են Կոմունարկա:
«Նրանց համար դա ավարտվեց վատթարագույն կերպով: Մորս վիճակը վատացավ արդեն Կոմունարկայի ճանապարհին, նրան ուշքի բերեցին: Այդ տեղափոխությունը նրա համար կյանքի գին ունեցավ, իսկ հորս անմիջապես միացրին թոքերի արհեստական օդափոխության սարքին: Նա սարքին միացված էր 11 օր շարունակ»,- ասել է Ղազարյանը:
Հույս կար, որ նա այդ վիճակից դուրս կգա, քանի որ այն կայուն էր: Սակայն ապրիլի 6-ին Միշիկ Ղազարյանը մահացել է:
Ղազարյանի եւ Ասատրյանի դիահերձումը ցույց է տվել կորոնավիրուսի հետեւանքով առաջացած «շոկային թոք»:
«Կոպիտ ասած՝ նրանք, լիակատար առողջ լինելով, խեղդվել էին: Սա իսկապես սարսափելի է, ուստի մեծահասակները թող տանը նստեն: Սա կատակ չէ, այս վիրուսը սարսափելի է»,- ասել է Ղազարյանը:
Նա բոլորին, ովքեր չեն հավատում վիրուսի գոյությանը, եւ ովքեր, բարեբախտաբար, նման վշտի հետ չեն առնչվել, կոչ է արել կարանտինը պահպանել: Ղազարյանն ասել է, որ իր ծնողներն անժամանակ հեռացան, նրանք գիտական աշխարհին դեռ ասելիք ունեին:
«Վերջին 10 տարում հայրս 500 գիտական աշխատանք է հրապարակել աշխարհի 80 ամսագրերում: Նա կարող էր դեռ շատ բան անել, բայց ավաղ…»,- ասում է Սերինեն:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը՝ COVID-19-ի ախտորոշման դրական թեստով մահացել էր մոսկովյան հիվանդանոցում: Դա տեղի էր ունեցել ապրիլի 6-ի երեկոյան: Դրանից գրեթե 2 շաբաթ առաջ մահացել էր նրա կինը, որը նույնպես վարակված էր կորոնավիրուսով:





























