Վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն, Հայաստանում ֆիզիկական անձանց փետրվարին Ռուսաստանից դրամական փոխանցումների գումարը կազմել է 59,6 մլն դոլար (տես գրաֆիկը)։ Անցյալ տարվա փետրվարի հետ համեմատած՝ այս ցուցանիշը կրճատվել է 13,4 մլն դոլարով կամ 18,3%-ով։

Նկատենք, որ հաշվետու ամսին կորոնավիրուսը, որպես գործոն, դեռեւս չէր «կայացել»։ Թեեւ Ռուսաստանում COVID-19-ով վարակման առաջին դեպքերը ի հայտ են եկել հունվարի վերջին օրերին, սահմանափակող միջոցներն ընդունվել են միայն մարտի վերջին։

Փետրվարին, դատելով Ռուսաստանի պաշտոնական վիճակագրությունից, ոլորտները, որտեղ առավելապես զբաղված են Հայաստանից աշխատանքային միգրանտները, բառացիորեն բարգավաճում էին։ Այսպես, ֆիզիկական ծավալի աճի տեմպերի երկնիշ թվերով է նշվել շինարարությունը՝ 20,6% տարեկան կտրվածքով, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը՝ 12,1%։ Սրան գումարած՝ Ռուսաստանում իրական աշխատավարձը աճել է միջինը 6,5%-ով։ Եթե այս թվերը համապատասխանել են իրավիճակին, ապա պայմաններ են եղել ավելի շատ փոխանցումների աճի, քան թե նվազման համար։

Հավելենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքի ազդեցությունը դրամական փոխանցումների վրա (որոնք արտահայտված են այդ արժույթով) նույնպես դրկան է եղել։ Փետրվարին դոլարը թեթեւակի՝ տարեկան կտրվածքով 3%-ով «թուլացել էր» ռուսական ռուբլու հանդեպ։ Դրա շնորհիվ դոլարով արտահայտված փոխանցումների գումարը համեմատաբար աճել է 1,9 մլն դոլարով։ Սակայն այս ոչ մեծ լավատեսությունը իսպառ ջնջվել էր այլ հանգամանքով։

Եթե փոխանցումների գումարի վերահաշվարկ կատարենք դոլարից ռուսական ռուբլու, ապա կստանանք մոտ 21%-ով նվազում։ Այսինքն, հաշվետու փետրվարին փոխանցմանն է ուղղվել 1/5-ով ավելի քիչ գումար (ռուբլով), քան մեկ տարի առաջ։ Կարելի է ենթադրել դրա հետեւյալ պատճառները՝ այդ երկրում մեր աշխատանքային միգրանտների կոնտինգենտի կրճատումը եւ նրա աշխատանք գտնելու հետ կապված խնդիրները։ Չի բացառվում նաեւ Հայաստանում Ռուսաստանի ֆիզիկական անձանց կողմից ներդրումներ կատարելու շահագրգռվածության կորուստը։

Ինչպես ենթադրվում է, մարտ ամսից Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներում բացասականը ավելի կուժեղանա։ Պատճառները հանրահայտ են՝ կարանտինի հետեւանքները երկու երկրներում, ինչպես նաեւ ռուսական ռուբլու հանդեպ ԱՄՆ դոլարի կտրուկ ամրապնդումը։