2008 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստանի բանկային հատվածը վնասով է աշխատել. 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ոլորտի մաքուր վնասը 747 միլիոն լարի է կազմել (ավելի քան 235.5 միլիոն դոլար), հայտնում է News-Georgia-ն` վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի (ՎԱԲ) կայքում տեղադրված հայտարարություն:
Առաջին եռամսյակի արդյունքներով բանկային հատվածի գործառնական շահույթը 386 միլիոն լարի է կազմել: Մաքուր շահույթը բացասական է` մինուս 747 միլիոն լարի, ինչը բոլոր ակտիվների 1.5 տոկոսն է կազմում:
ՎԱԲ-ում պարզաբանել են, որ վնասը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով եւ COVID-19-ի հետ կապված բացասական ակնկալիքներով: Մարտին բանկային հատվածը պահուստ էր ստեղծել հնարավոր կորուստների համար` 1.2 միլիարդ լարիի չափով (ավելի քան 378.3 միլիոն դոլար):
«Այս թիվը ներկայացնում է միայն հավանական կորուստները: Պահուստը, եթե այդպիսի կորուստ իսկապես տեղի ունենա, բանկերին թույլ կտա խուսափել ֆինանսական կայունության ռիսկերից»,- պարզաբանել են Ազգային բանկում:
Իր հերթին, ՎԱԲ-ը հաստատել է կապիտալի հետ կապված լրացուցիչ պահանջները, որն օգնեց «բավականաչափ մեծ բուֆեր» ստեղծել` սթրեսային իրավիճակը հաղթահարելու համար: Դեռ մարտ ամսին ՎԱԲ-ը բանկերի համար 1.6 միլիարդ լարի կապիտալ էր ազատել: Բացի այդ, պատրաստակամություն էր հայտնվել անհրաժեշտության դեպքում կապիտալի լրացուցիչ ազատման համար:
ՎԱԲ-ում նշում են, որ մինչ այժմ բանկային հատվածը եկամտաբեր է եղել: 2019-ի վերջին ոլորտի սեփական կապիտալի շահութաբերությունը ֆիքսվել է 20 տոկոսի մակարդակում:
«Սպասվող վարկային վնասների պատճառով բանկերի մաքուր շահույթն այս տարի կարող է բացասական լինել: Սակայն հաշվի առնելով ծանրակշիռ գործառնական եկամուտները` ակնկալվում է, որ համավարակի ավարտից հետո բանկերը շուտով կվերականգնեն շահույթը»,- նշվում է հայտարարության մեջ:
ՎԱԲ-ում շեշտում են, որ տնտեսությունը բնութագրվում է ցիկլայնությամբ, եւ, ինչպես եւ մյուս բոլոր ոլորտները, բանկային հատվածն ունի ինչպես շահավետ, այնպես էլ վնաս կրող տարիներ: Կարգավորողը վստահ է, որ վերահսկողական պահանջների խստացման շնորհիվ հաջողվել է բանկային ոլորտը լավ նախապատրաստել այսօրվա մարտահրավերներին:
«Վրաստանի Ազգային բանկի կողմից խելամիտ կարգավորիչ քաղաքականության արդյունքում բավականին մեծ բուֆեր է ստեղծվել` ընթացիկ տարում հնարավոր կորուստները չեզոքացնելու համար, եւ բանկային ոլորտի կայունությանը ոչինչ չի սպառնում»,- նշվում է հայտարարության մեջ:





























