Ադրբեջանի ՊԱԾ-ը գլխավոր դատախազության հետ համատեղ անցկացրել է գործողություն, որի ընթացքում կալանավորվել է Իսմաիլի քաղաքի ղեկավար Մահերամ Ահմեդովը։

ԶԼՄ-ներում հրապարակված ՊԱԾ եւ ԳԴ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում հայտնվել են հիմնավորված կասկածներ այն մասին, որ Մահերամ Ահմեդովը որոշակի վճարի դիմաց անօրինականորեն աշխատանքի թույլտվություն է տրամադրել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ յուրացրել է մթերային հավաքածուներ, որոնք պետությունը տրամադրել է կարիքավոր ընտանիքներին։

Ահմեդովի աշխատավայրի եւ տան զննության ժամանակ հայտնաբերվել են տարբեր մարդկանց անուններով բանկային քարտեր։ Պարզվել է, որ Մահերամ Ահմեդովը ձեւականորեն աշխատանքի է տեղավորել իր հարազատներին, իսկ փողերը յուրացրել է։ Բացի այդ, հայտնաբերվել է կանխիկ գումար, տարբեր մարդկանց անուններով աշխատավայրից տեղեկանքներ, կարիքավոր ընտանիքների համար նախատեսված մթերքների հավաքածուներ։