Հեռավար աշխատանքի փոխադրված աշխատողների աշխատավարձը պետք է պահպանվի նախկին ծավալով։ Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում Աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը։

Օրենքի նախագծի համաձայն՝ այն դեպքում, երբ աշխատակիցներին կարելի է փոխադրել հեռավար աշխատանքի, գործատուն չպետք է ձեւակերպի այն որպես չաշխատել եւ պետք է պահպանի նրանց աշխատավարձերը ամբողջ ծավալով։ Եթե հեռավար աշխատանքը հնարավոր չէ, եւ աշխատակիցները ազատվում են ֆորս-մաժորի կանոններով, նրանց վճարվում է աշխատավարձի 2/3-ը։

Ընդ որում, գործատուին տրվում է իրավունք, ցանկության դեպքում, նաեւ ավելին վճարել։ Եթե ֆորս-մաժորի պահին աշխատակիցները չօգտագործված արձակուրդ ունեն, գործատուն, աշխատողի պահանջով, պետք է այն տրամադրի։ Բացի այդ, այդ շրջանում գործատուն չի կարող աշխատանքից ազատել կամ տուգանել աշխատակցին, եթե նա ֆորս-մաժորի ժամանակ մնա տանը մինչեւ 12 տարեկան երեխայի խնամքի համար, սակայն միայն այն դեպքում, եթե երեխային հնարավոր չէ ուղարկել դպրոց։

Եթե աշխատանքից բացակայելը տեւում է մինչեւ երկու ժամ, ապա գործատուն պետք է պահպանի աշխատավարձը ամբողջությամբ, եթե ավելի, ապա պետք է վճարել առնվազն փաստացի արված աշխատանքի համար։ Ընդ որում, արտակարգ դրության հետեւանքների վերացման դեպքում թույլատրելի արտաժամանակյա աշխատանքի ժամերը մեծանում են։ Երկու օրում այն կարող է կազմել մինչեւ 8 ժամ, ներկայի 4-ի փոխարեն։