Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսի գոյությանը չհավատացողները այրել են բջջային կապի ալեհավաքը, որի հետեւանքով Նոգիր գյուղն առանց կապի է մնացել, առցանց ռեժիմով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքերով՝ որոշ մարդիկ կարծում են, թե համաճարակը կազմակերպվել է «ինչ-որ համաշխարհային ուժերի» կողմից, որոնք ուզում են մարդկանց ռեզերվացնել, 5G ալեհավաքներ տեղադրել, ճառագայթել, որպեսզի նրանք կորցնեն գիտակցությունը, իսկ այնուհետեւ նրանց «չիպավորեն»։

Բիտարովը հայտարարել է, որ հանդիպել է այդպիսի մարդկանց Վլադիկավկազում։

«Նրանք ինձ ապացուցում էին, սակայն ես նրանց հետ չվիճեցի։ Բայց, ցավոք, նրանք ավելի հեռուն են գնում, մասնավորապես, վերջերս այրել են Նոգիր գյուղի մոտ գտնվող МТС-ի ալեհավաքը, եւ իհարկե, Նոգիրը մնացել է առանց կապի։ Ամեն օր զանգեր են գալիս իմ ընդունարան, որ կապը վերականգնվի»,- հավելել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը։

Անցյալ շաբաթ Վլադիկավկազում կառավարության շենքի առջեւ տեղի էր ունեցել չհամաձայնեցված հանրահավաք, որին մասնակցել էր մոտ 2000 մարդ։ Հանրահավաքից հետո հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտարարել էր, որ հավաքվածները «COVID-19-ի տարածման հզոր օջախ են ստեղծել»։ Դրանից մեկ շաբաթ հետո Հյուսիսային Օսիայում «Ռոսպոտրեբնադզոր»-ի վարչության փոխտնօրեն Զարեմա Կաբոլովան հայտնել էր, որ վարակվածների թվի աճը հանրապետությունում կարող է կապված լինել Վլադիկավկազում անցկացված հանրահավաքի հետ։