Ֆրանսիացի անասնաբույժներն առաջին անգամ տնային կատվի մոտ հայտնաբերել են կորոնավիրուս, որը հավանաբար նրան է անցել իր տիրոջից, ում մոտ նախկինում այդ վարակը հայտնաբերվել էր, Ալֆորի ազգային անասնաբուժական դպրոցին (ENVA) հղում անելով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ENVA-ի, Սանիտարական անվտանգության գործակալության (Anses) եւ Գյուղատնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inrae) մասնագետները, Պաստերի ինստիտուտի հետ համագործակցելով, վարակվածության կասկած ունեցող մայրաքաղաքային շրջանի մի քանի բնակիչների տնային կենդանիների կորոնավիրուսի թեսթեր են անցկացրել։ Վերը նշված կատվի անալիզը եղել է դրական, ընդ որում կենդանին ունեցել է հիվանդությանը բնորոշ շնչառական եւ մարսողական խնդիրներ։
Մասնագետների կողմից հրապարակված կոմյունիկեում նշվում է, որ իրենց հետազոտությունները առաջին անգամ թույլ են տալիս հաստատել երկրի տարածքում (Փարիզից ոչ հեռու), հավանաբար, հիվանդ տիրոջից կատվի վարակման հանգամանքը։ Նրանք հետազոտությունների այս փուլում եզրակացրել են, որ վիրուսը դժվար է փոխանցվում կենդանիներին, նույնիսկ հիվանդ տերերի հետ շփման պարագայում։ Այնուամենայնիվ, տնային կենդանիներին պաշտպանելու համար, COVID-19-ով հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել իրենց կատուների հետ ուղիղ շփումից, նրանց ներկայությամբ դիմակ կրել եւ նրանց շոյելուց առաջ լվանալ ձեռքերը։





























