Վերջին օրերին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության եւ Երեւանի տարածքային բաժինների աշխատակիցները, փչովի ռետինե մոտորանավակով իրականացրած ստուգայցի արդյունքում Երեւանյան լճից դուրս են բերել եւ առգրավել 4 հատ՝ մոտ 300 մետր ընդհանուր երկարության տիրազուրկ դնովի ձկնորսական ցանց եւ 12 հատ՝ խեցգետնաորսիչ։

Հրազդանի կիրճում Հրազդան գետից եւս առգրավվել է 3 հատ «Էկրան» տեսակի տիրազուրկ ձկնորսական ցանց: Առգրավված ապօրինի որսագործիքները վարչական վարույթի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով կոչնչացվեն:

Ստուգայցերը շարունակվում են եւ ընդգրկում են հանրապետության ամբողջ որսահանդակներն ու ջրային տարածքները։ Շնորհակալություն ենք հայտնում «Դրակոն Բոութի» թիավարության հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Մակար Սարգսյանին՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տրամադրելու համար: