Մայրաքաղաքում անվտանգ երթեւեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին լուծում տալու նպատակով 2019թ. Երեւանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Դրանցից մեկն էլ «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումների կահավորումն էր, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանը:

«Կարեւորելով երթեւեկության անվտանգության կազմակերպումը Երեւան քաղաքում՝ քաղաքապետի հանձնարարությամբ անցած տարեվերջին տեղադրվեց 5 «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ, աշխատանքները շարունակվեցին նաեւ այս տարի, եւ մենք հիմա ականատես ենք 4 նոր լուսացուցային օբյեկտների գործարկմանը»,- նշում է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:

Ծրագրի ծավալները 2020թ. զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտնի միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում:

«Առաջիկա օրերին կգործարկվեն եւս 5-ը, 2-ն էլ գտնվում են ընթացքում: Այսինքն՝ կունենանք ընդհանուր առմամբ 11 նոր լուսացուցային օբյեկտ, որոնք անվտանգ կդարձնեն հետիոտնի շարժը նշված ճանապարհահատվածներում: Իսկ ընդհանուր առմամբ 26 լուսացույցի նախագծերը գտնվում են ավարտական փուլում, որը եւս նախատեսում ենք մինչեւ տարեվերջ տեղակայել»,- նշում է Էդգար Գալստյանը:

Արդեն իսկ ընթացքի մեջ են նաեւ 2021-ի համար նախատեսված նմանատիպ լուսացույցների տեղադրման նախագծային աշխատանքները: Հաջորդ տարի կտեղադրվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով եւս 37 լուսացույց:

Ծրագիրն իրականացնելու համար ՃՈ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքի խնդրահարույց կետերը. ցանկում ներառվել են նաեւ դպրոցներին, մանկապարտեզներին, ուսումնական այլ հաստատություններին ու մշակութային օջախներին հարակից տարածքները:

Անվտանգ երթեւեկության ապահովմանն ուղղված հաջորդ քայլը կամուրջներն ու էստակադաները գիշերային լուսավորությամբ կահավորելն է: Նշված հատվածներում, ի դեպ, տեղադրվում են էներգախնայող LED լուսատուներ, որոնք նաեւ ավելի պայծառ լուսավորություն են ապահովում:

«Տեսնում եք՝ ինչ տեսարան ենք ստացել: Ընդհանուր առմամբ, այս ամեն ինչն արվում է, որ մեր վարորդներն ավելի ապահով երթեւեկեն, վթարներն ավելի կպակասեն: Հետագա պլաններում նախատեսում ենք Երեւանի բոլոր թունելներն արդիականացնել LED լուսատուներով»,- ասում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:

Երեւանում, ՏԻ մասին օրենքի համաձայն, ճանապարհային երթեւեկության կարգավորումը, այդ թվում՝ լուսացույցների տեղադրումն ու գծանշումները, քաղաքապետի պատվիրակված լիազորություններից է, սակայն 2009-ից կառավարության որոշմամբ այդ գործառույթները պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն եւս հատկացվում է ՃՈ-ին: Սակայն հաշվի առնելով մայրաքաղաքում անվտանգ երեւեկության ապահովման կարեւորությունը՝ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ փոխօգնության կարգով համայնքը ՃՈ-ի հետ համատեղ իրականացնում է տարբեր ծրագրեր: