2020 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկները եւս միացան «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սննդի ապահովման՝ դեռեւս 2019 թվականից մեկնարկած նոր համակարգին, որի արդյունքում հիշյալ ընկերությունն արդեն իսկ սննդով ապահովում է 12 քրեակատարողական հիմնարկներից 9-ին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: Իրականացված ծրագրի բարձր արդյունավետության եւ շահառուների գոհունակության շնորհիվ 2020 թվականի մարտից այն ներդրվեց նաեւ «Աբովյան», «Գորիս», իսկ ապրիլից «Դատապարտյալների հիվանդանոց», «Երեւան-Կենտրոն» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում:

Մինչեւ 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

Նշենք, որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սնունդն իր մեջ ներառում է նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը, պատրաստվում է քրեակատարողական հիմնարկների տարածքում ամեն օր եւ մասնագիտացված խոհարարների կողմից: Իսկ որպեսզի ապահովվի սննդի բազմազանությունը, «Ռեդի-Սթեդի» ընկերությունը, պահպանելով սննդակարգի որակը, կալորիականությունը եւ այլ օգտակար հատկությունները, յուրաքանչյուր շաբաթ առաջարկում է նոր ճաշացանկ, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

Սննդի մատակարարման նոր մշակույթը քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն ապահովում է դատապարտյալների եւ կալանավորված անձանց որակյալ սնունդը, այլեւ մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնում է սննդային հանձնուքների փոխանցումը: