Այս տարի հոկտեմբերին լրանում է «Կողբ» հիմնադրամի հիմնադրման եւ գործունեության 7-ամյակը։ Այդ առթիվ հիմնադրամը առաջիկայում իրականացնելու է մի շարք նախագծեր, եւ դրանցից առաջինի մեկնարկը տրվում է այսօր:

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի հետ համագործակցաբար՝ Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրի տարածքում նախատեսվում է 3 հեկտարի վրա տնկել ընդհանուր 7․000 անտառային եւ անտառային պտղատու ծառ:

Միջոցառումը բաց է հիմնադրամի աջակիցների, բնության սիրահարների եւ լայն հանրության համար։ Մասնակիցները հնարավորություն կունենան տարածքի սխեմատիկ քարտեզի վրա առցանց ամրագրել իրենց տնկելիք ծառը եւ դրա տեղադրությունը, իսկ ծառատունկի օրը՝ այս տարվա հոկտեմբերին, անձամբ տնկել իրենց անվանական կամ ընտանեկան ծառը։

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշեց. «Մեր 7-ամյակի առթիվ նախատեսվող ծառատունկը կընդլայնի անտառային ծածկույթը եւ կունենա բնապահպանական, ինչպես նաեւ որոշակի սոցիալական նշանակություն։ Առաջիկայում մեր կայքում եւ սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում կներկայացնենք ծրագրի մանրամասները, որոնք պարունակում են մի շարք անակնկալներ»:

Նախագծի կոորդինատոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ղուլիջանյանը ավելացրեց, որ առաջիկա օրերին կսկսվեն տարածքի ծառատնկման նախապատրաստական աշխատանքները, կպատրաստվի նաեւ ծառատնկման նախագծահաշվարկային փաստաթուղթը, եւ հիմնադրամի աջակցությամբ տարածքը հոկտեմբերին պատրաստ կլինի ծառատնկման համար:

Հաշվի առնելով, որ տնկվելու են փոսային եղանակով 1-2 մետր բարձրությամբ տնկիներ, կհիմնվի նաեւ ոռոգման ենթակառուցվածք, ինչն էլ կերաշխավորի բարձր կպչողունակությունը:  Շատ կարեւոր է, որ ծառատունկից հետո էլ հիմնադրամն ապահովելու է տարածքի պահպանությունն ու սպասարկումը: