ՀՀ կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել միայն մետալուրգիական ընկերություններով եւ նախատեսում է ընդլայնել հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների ցուցակը: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչու պետք է կառավարությունը որոշի ընկերությունների ցուցակը:
Պատգամավորի խոսքով` եթե կառավարությունը որոշել է, որ ընկերությունները պետք է լրացուցիչ հարկ վճարեն, ապա պահումները պետք է ազդեն բոլորի վրա` առանց բացառության:
«Մենք ընդմանը ամրագրում ենք այդ ընկերությունների իրավաբանական կարգավիճակը, սակայն, բացի դրանցից, այլ ընկերություններ եւս կարող են համալրել այդ ցուցակը, քանի որ դրանք եւս բնապահպանական հարկ պետք է վճարեն, եւ համայնքները հնարավորություն եւ իրավունք կունենան ստանալու այդ միջոցները»,- պարզաբանեց փոխնախարարը:





























