Արգիշտի Քյարամյանը, ով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նույն օրը նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, պարզվում է ՔԿ նախագահի թվով 5-րդ տեղակալն է:

Նշենք, որ այս տարվա ապրիլի 30-ի կառավարության 643-Ա որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թիվը ավելացել է ևս մեկով՝ դառնալով 5:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները:

Նշենք, որ մամուլն անդրադարձել է Քյարամյանի ունեցվածքին, երբ հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար: Այս առնչությամբ Քյարամյանն ասել էր, որ հայտարարագրում ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին. «Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է ՌԴ-ում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ»,- ընդգծեց էր պաշտոնյան: