Կֆինանսավորվեն միայն այն համայնքները, որոնք նշված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մեջ: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
Փոխնախարարի խոսքով` գնահատականը տալիս է շրջակա միջավայրի նախարարությունը, որը պատասխանատու է, որպեսզի ներառվեն հանքավայրի ազդեցության գոտում գտնվող բոլոր բնակավայրերը:
Գումարները, ինչպես նշեց պաշտոնյան, կհատկացվեն շրջակա միջավայրին հասցված վնասին համապատասխան, որի սահմանման կարգը կառաջարկի կառավարությունը:
Նշենք, որ օրինագիծը, առաջին հերթին, վերաբերում է հանքավայրերին, սակայն ընդգրկում է նաեւ մի քանի խոշոր գործարան` Armenian Copper Programme պղնձաձուլական գործարանը, երկու ցեմենտի գործարանները («Արարատցեմենտ» եւ «Հրազդան ցեմենտ կորպորեյշն»), Երևանի ալաբաստրի գործարանը, Երևանի եւ Հրազդանի ԶԷԿ-երը, ինչպես նաեւ մետալուրգիական ձեռնարկությունները Չարենցավանում («Ցենտրոլիտ») եւ Երեւանում («Մաքուր երկաթի գործարան» եւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»):





























