Հայաստանի իշխանություններն առաջարկում են կարգավորել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը: Այս մասին մայիսի 5-ին ԱԺ նիստում «Կերերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է բացառել հակաբիոտիկների օգտագործումը որպես կենսաբանական ակտիվ հավելում: Դրանից բացի, առաջարկվում է տնային անասունների սննդակարգից բացառել դեղային կերն ու սնունդը: «Ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործումը ոչ մի ձեւով չի կարգավորվում: Հակաբիոտիկները լայնորեն օգտագործվում են անասնաբուծության մեջ, մասնավորապես անասունների շրջանում հիվանդությունների կանխարգելման համար, ինչպես նաեւ աճի խթանման համար, ինչը հանգեցնում է մարդու մոտ հակամանրէային դեղամիջոցների հանդեպ կայունության զարգացման: Առողջապահության ոլորտում կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ հակաբակտերիային դեղամիջոցների հանդեպ կայունության դեմ պայքարը ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում առողջապահության ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս խնդրի լուծման համար շտապ միջոցներ են պահանջվում»,- շեշտեց փոխնախարարը:





























