Հայաստանում հանցավորության աճի պատճառները մի քանիսն են: Դրանք համակարգային բնույթ ունեն եւ պայմանավորված են մի շարք այլ պատճառներով: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, որը հետաքրքրվեց, թե ինչու է Հայաստանում գրանցվել հանցավորության 21 տոկոսով աճ:
Վարչապետի կարծիքով՝ դրա մեղավորը նաեւ համաներումն է: Նա, մասնավորապես, նշեց, որ այն ժամանակ «հեղափոխական» Կառավարության վրա քաղաքական ճնշում էր գործադրվում համաներման առումով: Փաշինյանը նաեւ պարզաբանեց, թե ինքն ինչու է համաներումը ոչ արդյունավետ գործիք համարում: «Ես նույնպես բանտից համաներմամբ եմ ազատվել, բայց ընդհանուր առմամբ համաներումը համարում եմ շատ վատ գործիք, որովհետեւ գործնականում համաներմամբ ազատվածների 60-70 տոկոսը հաջորդ 1 կամ 2 տարում նոր հանցագործություն է կատարում»,- պարզաբանեց վարչապետը:





























