«Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր - 2020»-ի շրջանակներում օրերս սկսվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգի ընթացիկ տարվա կարեւոր խնդիրներից մեկի լուծման աշխատանքները: Համաձայն նշված ծրագրի՝ «Արարատյան 1020մմ տրամագծով ջրատարի վթարված հատվածների վերակառուցում» բաղադրիչի, նախատեսվում է Մասիսի տարածաշրջանում գտնվող «Արարատյան 3, 4» պոմպակայանից սկիզբ առնող մայրուղային ջրատարի 4 տարբեր հատվածներում փոխարինել 850 գծամետր ընդհանուր երկարությամբ վթարային վիճակում գտնվող խողովակներ:

Բանն այն է, որ շահագործման տասնյակ տարիների ընթացքում աղակալված ակտիվ գրունտների պատճառով քայքայվել են մայրուղային ջրատարի որոշակի հատվածներ, առաջացնելով շարունակական վթարային իրավիճակներ, վտանգելով համակարգի կայուն շահագործումը եւ հանգեցնելով վայրկյանում մոտ 120 լիտր ջրի կորստի: Մինչդեռ խնդիրը, որը լուծում է ջրատարը, շատ կարեւոր է: Շոգ եղանակներին, երբ ջրի սպառումը հասնում է իր պիկին, տարվա մյուս եղանակներին պահուստային հանդիսացող Արարատյան ջրաղբյուրում վերագործարկվում են խորքային հորերի պոմպերը եւ ջուր է մատակարարվում Երեւանի հարավային շրջանններին ու Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերին:

Այստեղ երկու տարի առաջ տեղի ունեցած վթարը ցույց տվեց Արարատյան ջրաղբյուրի ինժեներական կառույցների վերանորոգման ու վերազինման հրատապությունը: Անմիջապես մշակվեցին թե՛ պոմպակայանում եւ թե՛ ջրատարի վրա առկա խնդիրների լուծման ծրագրերը եւ սկսվեց դրանց փուլ առ փուլ իրականացումը:

Հիմա հերթը հասել է ջրատարի մասնակի փոխարինմանը: Արվում է ամեն ինչ հնարավոր կարճ ժամկետում խողովակաշարի վերանորոգումն ավարտելու համար, որից հետո կվերանան վթարներն ու հոսակորուստները ու կապահովվի «Արարատյան – Երեւան» մայրուղային ջրատարի կայուն շահագործումը: