Մայիսի 12-ից Մոսկվայում բոլոր արդյունաբերական եւ շինարարական ձեռնարկությունների լիարժեք աշխատանքը կարելի է թույլատրել, ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` նշելով, որ որոշումը կայացնելու վերաբերյալ խորհրդակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սակայն դա մեզ հնարավորություն է տալիս որոշում կայացնել եւ մայիսի 12-ից թույլ տալ ոչ թե արդյունաբերական ձեռնարկությունների մի մասի աշխատանքը, ինչպես հիմա է, այլ` բոլոր արդյունաբերական ձեռնարկությունների, ոչ թե շինարարական ձեռնարկությունների մի մասի աշխատանքը, ինչպես հիմա է, այլ` բոլոր շինարարական ձեռնարկությունների»,- ասել է Սոբյանինը Պուտինի հետ` տնտեսության եւ սոցիալական ոլորտի աջակցությանն ուղղված ամիջոցառումների հարցով խորհրդակցությանը:
Նա նշել է, որ այս քայլի շնորհիվ կես միլիոն մոսկվացի կկարողանա վերսկսել լիարժեք աշխատանքը: «Դա կարեւոր է քաղաքի տնտեսության համար եւ շատ կարեւոր է երկրի տնտեսության համար, քանի որ մոսկովյան ձեռնարկությունների պատվերները շուրջ 3.5 միլիոն աշխատատեղ են ստեղծում ամբողջ երկրում, ապահովում են մեքենաշինական ձեռնարկությունների, շինարարական ոլորտի ձեռնարկությունների աշխատանքը եւ այլն: Սա բավականին մեծ սիներգիա ունի»,- եզրափակել է Սոբյանինը:




























