Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կազմում է մոտ 300 հազար: Այս մասին «Ռոսիա 24»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Նրա խոսքով՝ սքրինինգային հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ներկայումս վարակված է Մոսկվայի ամբողջ բնակչության 2-ից մինչեւ 2,5 տոկոսը:

«Մեր խնդիրն է այդ մարդկանց առավելագույնս հայտնաբերելը: Այն նպատակով, որ նրանց կարանտինի մեջ դնեն, որ ուրիշներին, իրենց հարեւաններին կամ աշխատանքային գործընկերներին չվարակեն: Եթե անհրաժեշտ է նրանց ամբուլատոր բուժում նշանակեն, որ չհասնեն մինչեւ ծանր վիճակի»,- ասել է Սոբյանինը:

Քաղաքապետը նշել է, որ վերջին մեկ շաբաթում Մոսկվայում 2 անգամ մեծացել է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումը: «Այսպիսի վիթխարի մեքենան, իհարկե, պետք է հայտնաբերման արդյունքներ տա»,- հավելել է Սոբյանինը:

Կորոնավիրուսի հակազդման դաշնային շտաբի պաշտոնական տվյալներով՝ մայիսի 7-ի դրությամբ Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 հիվանդության 177 հազար դեպք, որից ավելի քան 92 հազարը՝ Մոսկվայում: Հիվանդության հետեւանքով մահացել է 1625 մարդ, այդ թվում՝ 905-ը Մոսկվայում: