Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած Ba3 վարկանիշը «կայուն» կանխատեսմամբ: Ամերիաբանկը կարեւորում է վարկանիշի վերահաստատումը կայուն հեռանկարով, հատկապես COVID-19-ի հետեւանքով ստեղծված իրավիճակում:
Վարկանիշը տրամադրելիս Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարեւոր ցուցանիշներ, այդ թվում` Ամերիաբանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի առկայությունը: Մասնավորապես նշվում է, որ 2020թ հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ վարկերի ծավալը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 17,4%, իսկ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել են ընդհանուր վարկային պորտֆելի 25%-ը, ընդ որում, այն գրեթե հավասարաչափ է բաշխված հիփոթեքային եւ սպառողական վարկերի մեջ:
Նշենք, որ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է՝
Բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները եւ ամուր դիրքերը տեղական շուկայում,
Ակտիվների բարելավված որակը եւ հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության եւ խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի,
Իրացվելիության բավարար մակարդակը եւ միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները:
Չնայած կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված դժվարին իրավիճակին` Moody's վարկանշային գործակալությունն ակնկալում է, որ Ամերիաբանկի կողմից ֆինանսական միջոցների ներգրավման ցուցանիշները եւ իրացվելիության մակարդակը կմնան կայուն:





























