Ապրիլի 27-ին, ժամը 4-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ քիչ առաջ Նորք-Մարաշի իր տնից գողություն են արել։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները դեպքի վայրում արձանագրել են, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից` մտել են և հյուրասենյակից գողացել բիժուտերիա:
Մինչ դեպքի վայրում ոստիկանները հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքներ են կատարել, հնչել է երկրորդ ահազանգը։
Զանգողը նույնպես Նորք-Մարաշի բնակիչ է եղել։ Հայտնել է, որ րոպեներ առաջ իրենց տնից գողություն են արել։
Ոստիկանության օպերատիվ մյուս խումբը մեկնել է նշված տուն, որտեղից փող էին հափշտակել։ Իրավապահները հիմնավոր կասկածներ են ունեցել, որ գործում է խումբ և գողությունները նույն մարդկանց ձեռքի գործն են։
Պարզվել է, որ տան բակ են մտել պարսպի վրայով, մի հոգի տուն է մտել պատշգամբից, ներսից բացել դուռը, որպեսզի մյուսը նույնպես մտնի տուն։ Ի դեպ, երկու դեպքում էլ տանտերերը տանն են եղել, ձայն են լսել, արթնացել և տունը տակնուվրա արված տեսնելով` միանգամից զանգել են ոստիկանություն։
Բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքներն ընթացքի մեջ են եղել, երբ ժամեր անց հնչել է ևս մի ահազանգ։
Կրկին Նորք-Մարաշի բնակիչներից մեկը ոստիկաններին հայտնել է, որ գիշերը, ժամը 3.45-ի սահմաններում, իր տնից գողություն են արել։
Այստեղ ոստիկաններն արձանագրել են, որ ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր ու հագուստ։ Պարզեցել են, որ գողություն անողները երկու երիտասարդներ են, որոնց կասկածում էին նաև մյուս գողությունները կատարելու մեջ։
Եվս մի ահազանգ է ստացվել արդեն ապրիլի 28-ին։ Այս անգամ փորձել էին բացել Նորք-Մարաշի տներից մեկի պատուհանը, բայց չէին կարողացել ու հեռացել էին։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողներին են միացել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Նրանց հետևողական ու պրոֆեսիոնալ ծավալուն գործողությունների շնորհիվ կարճ ժամանակ անց ճշտվել է կասկածյալների ինքնությունը։
Ապրիլի 30-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել Աշտարակի 30-ամյա և Երևանի 34-ամյա բնակիչներ։
Նրանց բնակության և փոխկապակցված վայրերում իրականացված խուզարկություններով հայտնաբերվել է գողոնի մի մասը։ Կասկածներ կան, որ նշվածից բացի, հանրապետության տարբեր քաղաքներում նրանք կատարել են նմանատիպ բազմաթիվ գողություններ։ Բերման ենթարկվածները կալանավորվել են։ Կատարվում է նախաքննություն:





























