Իսպանիայի ամենատարեց բնակիչուհին` 113-ամյա Մարիա Բրանասը, կարողացել է առողջանալ COVID-19-ից, հայտնել են նրա հարազատները թվիթերյան միկրոբլոգում, որը վարում են կնոջ անունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարիան արդեն քսան տարի է բնակվում է Ժիրոնա նահանգի (Կատալոնիայի ինքնավար համայնք) ծերանոցում: Ապրիլին նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ էին հայտնվել, որը մեղմ ընթացք ուներ, իսկ մայիսի սկզբին բժիշկները հաստատել էին, որ նա ապաքինվել է: Հիվանդության ընթացքում նա մեկուսացած էր իր սենյակում, անընդհատ հեռախոսով խոսում էր ընտանիքի անդամների հետ: Նույն ծերանոցի բնակիչներից մի քանիսը մահացել են COVID-ից:

2019 թվականից Բրանիասն Իսպանիայի ամենահին բնակիչն է համարվում: Նա ծնվել է 1907 թվականին ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում իսպանացի ներգաղթյալների ընտանիքում: Որոշ ժամանակ անց ընտանիքը վերադարձել էր Իսպանիա:

1931 թվականին նա ամուսնացել էր բժշկի հետ, ունի երեք երեխա, տասնմեկ թոռ եւ 13 ծոռ: Իր կյանքի ընթացքում Մարիան վերապրել է «իսպանական գրիպի» համավարակը 1918-ին եւ քաղաքացիական պատերազմը (1936-1939):