Հունաստանի կառավարությունը թվարկել է տուրիստական սեզոնի բացման պայմանները եւ ներկայացրել է դրա մեկնարկի ծրագիրը: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով Հանրային առողջապահության ազգային կազմակերպության (EODY) կողմից ստեղծված փաստաթուղթը:

Այդպես, երկիր ժամանող բոլոր զբոսաշրջիկները, նախքան ինքնաթիռ նստելը, պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն, որը կվկայի կորոնավիրուսի բացակայության մասին եւ կազմված կլինի մեկնելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ: Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոհարիսի խոսքով` այդպիսի փաստաթղթի առկայության դեպքում բոլոր ուղեւորները կարող են վստահ լինել իրենց անվտանգության մեջ, նույնիսկ` մինչեւ ճանապարհորդությունը սկսելը:

Բացի այդ, յուրաքանչյուր հյուրանոց պարտավոր կլինի պայմանագիր կնքել բուժաշխատողի հետ, որը կվերահսկի հյուրերի վիճակը եւ, անհրաժեշտության դեպքում, կուղարկի նրանց կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման: Եթե արդյունքները դրական լինեն, ապա զբոսաշրջիկներին «կարանտինային հյուրանոցներ» կուղարկեն, որոնք պետության կողմից կհատկացվեն հատուկ վարակակիրներին տեղավորման համար:

Տեղական իշխանությունների պլանների համաձայն` Հունաստանում հյուրանոցները կսկսեն բացվել հունիսից, իսկ դրանց մի մասը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով, որոնք բարձրացնում են հյուրերի անվտանգության մակարդակը: Օրինակ, Bomo Hotels-ի հյուրանոցներում ուլտրամանուշակագույն լամպեր կտեղադրվեն, որոնք ստերիլիզացնեն սենյակները եւ մակերեսները:

Ապրիլին հայտնի էր դարձել, որ Հունաստանն արձակուրդային սեզոնը պատրաստվում է բացել այս տարվա հունիսին, եւ այն վայրերը, որտեղ կորոնավիրուսային վարակի քիչ դեպքեր են գրանցվել, «չափազանց մեծ պահանջարկ կունենան»: Ընդ որում, ըստ զբոսաշրջության նախարար Հարիս Թեոհարիսի, սեզոնը լիարժեք կբացվի մինչեւ հուլիս եւ կտեւի առնվազն երեք ամիս, իսկ պահանջարկի մեծացման պատճառով, հավանաբար, կարող է ընդգրկել նաեւ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսները: