Տարբեր երկրներ հանգստի մեկնելու Հայաստանի քաղաքացիների թռիչքների կազմակերպումը անհանգստացնում է տեղական տուրօպերատորներին։ Այս մասին մայիսի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, ասաց Anriva Tour ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։

Ստամբուլյանը, մասնավորապես, առաջարկում է թռիչքից առաջ ստուգել Հայաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայությունը, որպեսզի նրանք ստիպված չլինեն օտար երկրում կարանտինի մեջ մնալ։

«Հակառակ դեպքում դա մեծ խնդիրներ կստեղծի տուրօպերատորների, քաղաքացիների եւ, ընդհանուր առմամբ, երկրի համար։ Եւս մեկ խնդիր, որի առջեւ կանգնած են տուրօպերատորները՝ դա բաց դեպոզիտները եւ վաճառված տուրփաթեթներն են։ Մյուս կողմից, հատկապես փոքր զբոսաշրջային ընկերությունները կանգնած են աշխատատեղերի պահպանման հարցի առջեւ։ Զբոսաշրջային ոլորտը կադրերի պակաս ունի, նրանց աճեցման համար յուրաքանչյուր տուրօպերատոր իր մասնագետներին ուղարկում է արտասահման՝ վերապատրաստման։ Տուրօպերատորները մասնակյցում են միջազգային տուրէքսպոների, եւ ընդհանրապես մեծ ծախսեր են անում աշխարհում Հայաստանի վարկանիշը բարձրացնելու համար»,- ասաց Ստամբուլյանը։

Նա նշեց, որ եթե զբոսաշրջային ոլորտը այսօր չստանա անհրաժեշտ աջակցություն, ապա այն կմնա առանց այդ կադրերի։ Զբոսաշրջային ընկերության ղեկավարը կանխատեսում է մեծ ընկերությունների սնանկացում եւ փոքրերի ոչնչացում, ինչը էապես կանդրադառնա երկրի տնտեսության վրա։