Կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդին Հայաստանի լիակատար անցման ժամկետը կհետաձգվի: Այս մասին մայիսի 20-ին Ազգային ժողովում Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը:

Նրա խոսքով՝ նախապես ծրագրված էր, որ կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդը, որոշ բացառություններով, 2020 թվականի հուլիսի 1-ից ներդրվելու էր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: «Սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը՝ առաջարկվում է ժամկետը հետաձգել ընթացիկ տարվա սեպտեմբերի 1: Այնուհետեւ 2021 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների վճարման անկանխիկ մեթոդը տարածվելու է Հայաստանի նաեւ մյուս քաղաքներում, հետո կեսամյա ընդմիջմամբ՝ նաեւ խոշոր ու փոքր գյուղական համայնքներում: Անկանխիկ վճարման համակարգում բացառություն է արվելու 75 եւ մեծ տարիքի կենսաթոշակառուների, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամների համար»,-պարզաբանեց Սաղիյանը:

Փոխնախարարի կարծիքով՝ համակարգի փուլային ներդնումը թույլ կտա լուծել բանկային ենթակառուցվածքների հասանելիության հետ կապված հարցերը: Ընդ որում՝ նա չբացառեց այն բանի հավանականությունը, որ անհրաժեշտության դեպքում քաղաքներին եւ գյուղերին կտրվեն լրացուցիչ ժամկետներ կենսաթոշակների վճարումների անկանխիկ մեթոդին անցնելու համար:

Պաշտոնյան նաեւ հայտնեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ կենսաթոշակառուների 50 տոկոսից ավելին կենսաթոշակը ստանում է անկանխիկ ճանապարհով: