Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհուրդը հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Յուրի Կարաեւին կոչ է արել կա՛մ հրաժարական տալ, կա՛մ խոստովանական ցուցմունք տալ: Այս մասին շաբաթ օրը YouTube-ում ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պարոն Կարաեւ, օգոստոսի 13-ին, բելառուսական հեռուստատեսության եթերում (դուք) պատասխանատվություն ստանձնեցիք, նրանց համար, ովքեր տուժել են: Մարդկանց մահը, բռնությունը, աննախադեպ դաժանությունը եւ խաղաղ բնակչության խոշտանգումները՝ մենք այդ ամենը տեսել ենք... Եվ եթե դուք ստանձնում եք այս իրադարձությունների պատասխանատվությունը, ապա դուք ունեք երկու տարբերակ՝ կա՛մ հրաժարական եք տալիս, կա՛մ պետք է խոստովանական ցուցմունք տաք»,- հայտարարել է Կոլեսնիկովան:

Ինչպես ընդգծել է Կոլեսնիկովան, «այս իրադարձությունների մնացած բոլոր մասնակիցների համար եւս կա խոստովանության տարբերակ»: Նրա խոսքերով՝ «հանցագործությունների բոլոր վկաները, Բելառուսի Հանրապետության օրենքի համաձայն, պարտավոր են հաղորդել իրենց հայտնի հանցագործության մասին»:

Կոլեսնիկովան նաեւ ասել է, որ Համակարգող խորհուրդը դիմել է երկրի իրավապահ մարմիններին՝ կոչ անելով նրանց կատարել երդումը՝ հանցագործությունների քննության առումով: