Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը իրավասություն չունի Կատարի կողմից արաբական չորս երկրների բոյկոտի պայմաններում «Կատարի եւ Կատարի քաղաքացիների նկատմամբ խտրականության» մեղադրանքով հարուցված գործով, հաղորդում է AP-ը:

ԱՄԷ-ի իրավաբանները ցանկանում են, որ Միջազգային դատարանի դատավորները կարճեն գործը: Կատարի փաստաբանները պետք է պատասխան տան սեպտեմբերի 2-ին:

ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան 2017-ի հունիսի 5-ին խզել են կապերը Կատարի հետ եւ սկսել են տնտեսական բոյկոտը`թույլ չտալով, որ Qatar Airways-ի չվերթները օգտագործեն իրենց օդային տարածքը, փակել են Սաուդյան Արաբիայի հետ երկրի միակ ցամաքային սահմանը եւ արգելել են նրա նավերին օգտագործել իրենց նավահանգիստները: Նրանք ասում են, որ ճգնաժամի պատճառը տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումներին Կատարի աջակցությունն է՝ մեղադրանք, որը Դոհան հերքում է:

Կատարը 2018-ին դիմել է համաշխարհային դատարան՝ պնդելով, որ բոյկոտը խախտում է «Ռասայական խտրականության բոլոր ձեւերը վերացնելու մասին» 1965թ. Միջազգային կոնվենցիան:

Բայց ԱՄԷ-ն ներկայացնող իրավաբան Դանիել Բեթխեհեմը պնդում է, որ դատարանը իրավասություն չունի, քանի որ կոնվենցիայի պայմանները չեն ներառում ԱՄԷ-ի եւ Կատարի միջեւ վեճը, եւ որ տարաձայնություններն արդեն քննարկվում են երկու երկրների միջեւ հաշտեցման դատավարություններում: