Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց որեւէ սահմանափակումների, խաղաղ կարգավորմանը Հայաստանի հիմնական մոտեցումներից մեկն է: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, եւ, իհարկե, պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Եվ ահա եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարեւորությունը փոխզիջումներ գտնելու, անվտանգությունն ապահովելու, ուժի կիրառումից եւ մաքսիմալիստական մոտեցումներից հրաժարվելու մեջ է: Հայաստանի համար կան հատուկ եւ կարեւոր առաջնահերթություններ: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթություն է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ առանց սահմանափակումների, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարեւոր գերակայություն է: Եվ մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես համանախագահների, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ՝ գտնելու այնպիսի ձեւակերպումներ, որոնք թույլ կտան մեզ համադրել եւ չափել հնարավոր փոխզիջման չափը:
Լեռնային Ղարաբաղին հուզող մեկ այլ կարեւոր խնդիր՝ այս երեսուն տարվա ընթացքում նա ցույց տվեց իր հասարակական կյանքը կազմակերպելու, նրա անվտանգությունն ապահովելու եւ միջազգային պարտավորություններ ստանձնելու բացարձակ ունակություն: Արցախի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացում շատ կարեւոր խնդիր է եւ, ի միջի այլոց, գործնական բնույթ է կրում: Քանի որ դա կամրապնդի Լեռնային Ղարաբաղի ղեկավարության սեփականության զգացումը բանակցային գործընթացի նկատմամբ, որը, ընտրվելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, ունի համապատասխան մանդատ՝ ներկայացնելու նրա շահերը»:





























