Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ «Հայաստանին, ըստ էության, այնքան էլ պետք չէ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը, իբր՝ հողերը վերցված են, եւ ստատուս-քվոն ձեռնտու է»:

«Ես չեմ կարող համաձայնել այս կարծիքի հետ: Ե՛ւ Հայաստանը, եւ՛ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Դա հնարավոր է փոխզիջումների հիման վրա խաղաղ համաձայնության գալով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ: Եվ մենք չենք կարող շահագրգռված լինել մի իրավիճակով, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չունեն կայուն երկարաժամկետ հիմքեր: Այս իմաստով, խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել եւ մնում է կարեւոր առաջնահերթություն՝ այս հակամարտության կարգավորման համար»,- «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասաց արտգործնախարարը:

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը՝ արտգործնախարարը նշեց, որ 90-ականների կեսերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, եղել եւ մնում է բանակցային գործընթացի միակ ձեւաչափը: Եվ դա ունի կոնկրետ արդյունքներ: Այն միջազգային հանրության կողմից ճանաչված ձեւաչափ է եւ ներառում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների: Երեք երկրներ, որոնք ունեն քաղաքական, դիվանագիտական բավականաչափ ուժեղ ռեսուրս` միջնորդության գործառույթն իրականացնելու համար: Այս երկրների ներգրավվածությունը շարունակում է շատ ամուր մնալ: «Տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր չափորոշիչների եւ մոտեցումների մի ամբողջ հավաքածու, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է փոխզիջումային տարբերակ մշակել: Շոշափելի եւ իրական փոխզիջում: Այս իմաստով մենք շարունակում ենք եւ շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձեւաչափին: Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին, դա դրսեւորվեց ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ դրանցից առաջ: Վստահ եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այդ գործընթացի նկատմամբ Ռուսաստանի լրջությունը եւ այն կարեւոր ներդրումը, որ Ռուսաստանը, մյուս համանախագահների հետ միասին, ապահովում է խաղաղ կարգավորման գործընթացում: Այստեղ մեզ մոտ ոչ մի հարց չի ծագում, եւ համանախագահների աշխատանքը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ, որը, իմիջիայլոց, կարեւոր կանխարգելում է սրացման, ինչպես նաեւ առկա ձեւաչափի վրա ճնշում գործադրելու համար, անընդունելի է»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: