Ստեղծված իրավիճակի լուծման բանալին Բելառուսի ժողովրդի ձեռքում է: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այն հարցին, թե արդյոք նախարարը ՀԱՊԿ-ի միջոցով Բելառուսին օժանդակելու տարբերակն ընդունելի եւ հավանական է համարում, ԱԳՆ ղեկավարը նկատեց. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխօգնության հետ կապված բոլոր հարցերին, այս հարցերը կարգավորվում են պայմանագրային-իրավական բազայով, որը սահմանում է անդամ-պետությունների հստակ կանոնակարգ, ներառյալ այն հարցերը, որոնք վերաբերում են անվտանգությանն ու փոխօգնությանը: Այստեղ մենք հիմնվում ենք ՀԱՊԿ նորմատիվ-իրավական դաշտի վրա»:
«Ենթադրենք վաղը ՀԱՊԿ-ում քվեարկություն է այն մասին, թե պետք է արդյոք օգնել Բելառուսին: Հայաստանը կո՞ղմ է, թե՞ դեմ»,- հետաքրքրվեց լրագրողը: «Նման խնդիր նախաձեռնելու համար հիմնական դերը կատարում է երկիրը, որը բարձրացնում է փոխօգնության հարցը: Բայց Բելառուսից այդպիսի հարց չի եկել: Բելառուսն ու Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են եւ բավական հարուստ երկկողմ օրակարգ ունեն: Մենք միասին աշխատում ենք տարբեր բազմաբնույթ ձեւաչափերով: Մասնավորապես, մենք մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: Հայաստանի եւ Բելառուսի ժողովուրդների միջեւ կա ամուր բարեկամություն: Սա արտահայտվում է մարդկային հարաբերություններում: Իհարկե, մենք անտարբեր չենք այն բանի հանդեպ, ինչ կատարվում է Բելառուսում »,- նշեց արտգործնախարարը:
«Վարչապետ Փաշինյանը թավշյա, անարյուն հեղափոխությունից հետո եկավ իշխանության: Հիմա, պարզվում է, որ Հայաստանը սատարում է Բելառուսի առաջնորդին»,- շարունակեց լրագրողը:
«Կասկած չկա, որ ներկայիս իրավիճակի կարգավորման բանալին Բելառուսի ժողովրդի ձեռքում է: Հայաստանը գնացել է իր ճանապարհով, եւ այդ հիմքի վրա զուգահեռներ անցկացնելը այնքան էլ ճիշտ չէ: Այո, կարող են լինել որոշ ընդհանուր չափանիշներ, բայց, ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են: Ամենակարեւորը` ընդունել եւ գիտակցելն է, որ հարցի լուծումը Բելառուսի ժողովրդի իրավասությունն է: Մենք շատ հուսով ենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- պատասխանեց նախարարը:
Ի պատասխան այն դիտողության, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական ղեկավար, արտգործնախարարը հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին: «Մենք կհետեւենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կարող է լուծել այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ միջազգային ձեւաչափերով»,- եզրափակեց ԱԳ նախարարը:




























