Ավստրիան պատրաստվում է մեղադրանք առաջադրել մարդու դեմ, ով խոստովանել է, որ լրտեսել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) օգտին: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը` նախազգուշացնելով Թուրքիային, որ նման քայլերն անընդունելի են, հաղորդում է Reuters- ը:

«Խոսքն արտասահմանյան տերության կողմից Ավստրիայի վրա ազդելու փորձի մասին է, եւ դա ոչ մի կերպ չի ընդունվի»,- ասել է Նեհամերը մամուլի ասուլիսին:

Տղամարդը խոստովանել է, որ «հավաքագրվել է Թուրքիայի գաղտնի ծառայության կողմից` լրտեսելու Թուրքիայի կամ Ավստրիայի քաղաքացիներին, որոնք արտագաղթել են Թուրքիայից, որպեսզի հետո նրանց մասին զեկուզի Թուրքիայի անվտանգության գործակալություններին»,- ասել է  Նեհամերը:

Նրա խոսքով` ավելի քան 30 ավստրիացի է ձերբակալվել Թուրքիայում 2018-2020 թվականներին երկիր մուտք գործելուց հետո, եւ իշխանությունները հիմքեր ունեն կարծելու, որ թուրքական հատուկ ծառայությունները փորձում էին նրանց հավաքագրել: «Ավստրիայում թուրքական լրտեսության համար տեղ չկա: Ավստրիայում տեղ չկա Թուրքիայի ազդեցության համար ազատության եւ հիմնարար իրավունքների վրա: Մենք կատաղի պայքարելու ենք դրա դեմ»,- ասել է նա:

Ավստրիայի ներքին գործերի նախարարը հայտնել է նաեւ, որ այս մասին տեղեկացվել են նաեւ Եվրոպոլը եւ Եվրոպական խորհուրդը:

Ըստ Minority Rights Group International միջազգային իրավապաշտպան խմբի` Ավստրիայում բնակվում է 200.000-ից 300.000 թուրք:

Գերմանիայում Կրոնի հարցերով թուրք-իսլամական միությունը, որը կապված է Թուրքիայի կառավարության հետ, մեղադրվում էր Գերմանիայի քաղաքացիների լրտեսության մեջ, ինչը 2017 թվականին հանգեցրել է կազմակերպության դաշնային ֆինանսավորման ժամանակավոր դադարեցմանը: