Անկախության 29-րդ  տարեդարձի առիթով Արցախում կորոնովիրուսով պայմանավորված՝ մեծ միջոցառումներ չեն կազմակերպել,  սակայն ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում է։  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ սեպտեմբերի 1-ից 2-ը   աշխատանքային այցով գտնվում է Արցախում։

Ժամեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախից լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են Արարատ Միրզոյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Սարգիս Խանդանյանը և այլք։

Ուշագրավ է, որ անկախության տարեդարձի առիթով Արցախ չեն մեկնել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, և ԱԺ-ի մյուս երկու խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» անդամները։

NEWS.am- ի հետ զրույցում Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանն ասաց, որ Արմեն Սարգսյանը օգոստոսի 27-ից արձակուրդում է  գտնվում, այդ իսկ պատճառով էլ Արցախում չէ։ Նշենք, որ ավելի վաղ  նախագահ Արմեն Սարգսյանը  շնորհավորել է  Արցախի Անկախության օրվա առթիվ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խմբակցությանը հրավեր չի եղել։

«Սա արդեն որերրորդ անգամն է, երբ խորհրդարանական ընդդիմությունը որևէ կերպ ներգրավված չի լինում պետական նման արարողակարգերին։ Բոլորն էլ հիշում են ցեղասպանության տարելիցի օրը, երբ  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընդդիմությունից որևէ ներկայացուցիչ չկար, որովհետև հրավեր չէր եղել, դրանից հետո նման միջոցառումներ էլի են եղել, որոնց ընդդիմությունը հրավիրված չի եղել։ Սա հերթական տարօրինակ դրսևորումն է, երբ Արցախի անկախության օրվան նվիրված պատվիրակություն է Ազգային ժողովից մեկնել, բայց ո՛չ «Բարգավաճ Հայաստանի», ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին հրավերներ ուղարկված չեն եղել և պատվիրակության կազմում ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։ Սրանից կարող եմ մի եզրակացություն անել, որ ՀՀ ԱԺ- ն այլևս վերածվել է «Իմ քայլը» խմբակցության գրասենյակի և նմանատիպ պատվիրակություններում ընդգրկվում են բացառապես «Իմ քայլի» պատգամավորները։ Չէի կարծում, որ հետհեղափոխական Հայաստանում և նոր Հայաստանում անգամ պետական տոներն ու արարողակարգերն են սեփականաշնորհված և դրանց մասնակցելու արտոնությունը բացառապես պատկանում է իշխանության ներկայացուցիչներին»,- ասաց տիկին Տոնոյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Արեն Պետունցն էլ ասաց, իրենց նույնպես հրավեր չի եղել, այդ իսկ պատճառով էլ խմբակցությունից որևէ մեկը ներկայացված չէ Արցախում։ Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հեղափոխությամբ իշխանության եկան մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է պետությունը, չգիտեն՝ ինչ է պետականությունը, չեն հասկանում, որ գոյություն ունեն ազգային ու վերկուսակցական հարցեր, արժեքներ ու գաղափարներ, որոնց շուրջ համախմբվել ենք ու պիտի շարունակենք համախմբվել բոլորս:

«Ու հենց այդ համախմբվելու կարողությունն է եղել մեր բոլոր հաղթանակների գրավականը: Այս մարդիկ, արդեն երկու տարի հանրությանը մասնատելով, թուլացնում են մեր հետագա հաղթանակների հիմքերը: Սեփականաշնորհելով մեր բոլոր հաղթանակներն ու տոները՝ իրենց նույնականացնում են պետության և ժողովրդի հետ:Սա պիտի լինի ամենաբարձր ահազանգը հանրության համար՝ գիտակցելու, որ մենք գործ ունենք մենիշխանության ձգտող՝ նախկիններից ավելի բիրտ ուժի հետ»,- գրել է նա։

NEWS.am-ը  ԱԺ-ի  աշխատակազմից փորձեց  պարզել, թե ինչո՞ւ խորհրդարանական երկու ուժերիին  հրավեր չի ուղարկվել։ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն ասաց, որ ԱԺ-ից գործուղվել է միայն խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը և նրան ուղեկցող անձինք, որոնք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն։

«Ոչ մի խմբակցություն հրավեր չի ստացել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենք իրենցով են գնացել»,- ասաց տիկին Մինասյանը։

Ըստ նրա՝ Արցախի Հանրապետությունից  պաշտոնական որևէ գրություն՝ որպես հրավեր չի եկել, բայց Արցախի նախագահի և Արարատ Միրզոյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախ այցելելու է  ՀՀ ԱԺ նախագահի պատվիրակությունը։