Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ռուսաստանի հարցով դիտորդական հանձնաժողովի զեկուցողները Մոսկվային կոչ են արել անհապաղ պարզաբանումներ տալ բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ այն բանից հետո, երբ գերմանական իշխանությունները հայտարարել են, որ նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութից: Համապատասխան կոչը տարածել է կազմակերպության մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սա իրադարձությունների շատ տագնապալի շրջադարձ է եւ անհապաղ բացատրություն է պահանջում Ռուսաստանի իշխանություններից: Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք այս հարձակումը եւ շուտափույթ ապաքինում ենք մաղթում պարոն Նավալնուն»,- հայտարարել են Ակսել Շեֆերը (Գերմանիա, սոցիալիստների քաղաքական խումբ) եւ Ռիա Օմեն-Ռույտենը (Նիդեռլանդներ, Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խումբ): Նրանք Ռուսաստանին կոչ են արել «լույս սփռել Նավալնու թունավորման հանգամանքների վրա» եւ «ընդունել միջազգային քննիչներին, եթե նման առաջարկ լինի միջազգային հանրությունից»:

Չորեքշաբթի օրը ԳԴՀ կառավարությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե Նավալնու անալիզների ուսումնասիրության արդյունքներով Բունդեսվերի տոքսիկոլոգները եզրակացրել են, որ բլոգերը ենթարկվել է «Նովիչոկ» խմբից թունավոր նյութի ազդեցության:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Գերմանիայի հետ բազմակողմանի համագործակցության՝ բլոգեր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր հանգամանքները պարզելու համար: Նա նշել է, որ նախքան Նավալնուն Բեռլին տեղափոխելը նրա օրգանիզմում որեւէ թունավոր նյութ չի հայտնաբերվել: Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ Մոսկվան շարունակում է սպասել Գլխավոր դատախազության հարցմանը ԳԴՀ-ի պատասխանին: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ ապացույց չի տրամադրել ՌԴ դեսպանին: